Սեպտեմբեր 30, 2024 18:11 Asia/Tehran
  • ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ավելի քան 90%-ն իրականացվում է ազգային արժույթներով. ԵՏՀ նախարար

2025 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները նախատեսում են ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմին ստեղծել։

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով։ Այս մասին այսօր Երևանում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը:

«Ազգային արժույթների օգտագործման միջոցով առևտրի ապահովման առումով մեծ առաջընթաց կա` մեր փոխադարձ առևտրի ավելի քան 90%-ը և ֆինանսական համակարգերի զարգացումը ազգային արժույթով է, մեր վճարային համակարգերի միացումն այդ ուղղությամբ շատ մեծ դեր ունի։ Դա խոսում է այն մասին, որ մեր ֆինանսական համակարգերի դերն այդ գործընթացում խթաննում է մեր առևտուրը»,-Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է Սուլթանովը։

Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորումը տնտեսական ինտեգրման կարևոր տարրերից մեկն է, եվրասիական տարածքի չորս ազատություններից մեկը։ Սակայն գործընթացը, փոխնախարարի խոսքով, բարդանում է` դրա վրա ազդող բազմաթիվ արտաքին գործոններ կան։

«Մենք պետք է մեր ընդհանուր ֆինանսական շուկայի ներդաշնակեցումը, օրենսդրության ներդաշնակեցումն ավարտեինք մինչև 2025 թվականը Եվ այդ ուղղությամբ մենք հիմա ակտիվորեն աշխատում ենք բոլոր հարթակներում, այդ թվում` մեր կարգավորիչների հետ»,-նշել է Սուլթանովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականին ԵԱՏՄ երկրները պետք է ստեղծեն ֆինանսական շուկայի կարգավորման վերազգային մարմին ։ Այդ նպատակով պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ օրենսդրության ներդաշնակեցում են իրականացնում։

Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։

https://arm.sputniknews.ru/20240930/eatm-erkrneri-mijev-arevtri-aveli-qan-90-n-irakanacvum-e-azgajin-arzhujtnervov-eth-nakharar-81260781.html

Պիտակ