Հոկտեմբեր 02, 2024 18:35 Asia/Tehran
  • Մոսկվան անում է ամեն ինչ Մերձավոր Արևելքում աղետ թույլ չտալու համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն բան, որպեսզի թույլ չտա Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման աղետալի սցենար, և այդ ուղղությամբ Վաշինգտոնի դերը ծայրահեղ բացասական է գնահատում։

Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Լիբանան Իսրայելի ներխուժումն ու Բեյրութին իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը։

«Մեզ համար քաղաքական սպանությունների պրակտիկան բացարձակ անընդունելի է։ Բացի բարոյական կողմից, այն դժվարացնում է խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծումներ գտնելու ուղիները։ Դա հանգեցնում է հակամարտությունների սրացման, արմատականացման և էսկալացիայի», – ասել է նա։

Զախարովայի խոսքով` արմատացած այս հակամարտության լուծումը քաղաքական ու դիվանագիտական հարթությունում է, և այն պետք է հենվի առկա միջազգային և իրավական բազայի ու նորմերի վրա։ Լիբանանի հետ կապված իրավիճակի կարգավորման բանալին կարող էր դառնալ 2006 թվականին կնքած ՄԱԿ ԱԽ 1701–րդ բանաձևի բարեխիղճ կատարումը։

 «Մենք անում ենք մեզնից կախված ամեն բան, և այսօր դրա հետ համաձայնել են Մոսկվայում արաբական երկրների առաքելությունների ղեկավարները, դեսպաններն ու ներկայացուցիչները, որպեսզի դեպքերի զարգացման աղետալի սցենար թույլ չտրվի։ Ռուսաստանը շփումներ է ունենում միջազգային տարածաշրջանային գործընկերների հետ և ակտիվ է ՄԱԿ-ում», – ասել է նա։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնի դերը ներկայիս ճգնաժամում Մոսկվան չափազանց նեգատիվ է գնահատում։

Զախարովայի գնահատականներով` բռնությունը կասեցնելու բոլոր հնարավորություններն ունենալով` ԱՄՆ–ն փոխարեն խոչընդոտում է, որպեսզի ՄԱԿ ԱԽ–ն հստակ դիրքորոշում զբաղեցնի հրադադարի օգտին։ Վաշինգտոնը ոչ արդյունավետ միջնորդական ջանքեր է գործադրում` փորձելով արաբների աչքերում ներկայանալ որպես խաղաղապահ, սակայն գործնականում խաբում է նրանց։

Սեպտեմբերի 23-ից Իսրայելը «Հզբոլլահ» շարժման դեմ Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին: Գործողության հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։

Սեպտեմբերի 27-ին Բեյրութում տեղի ունեցած հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Շարժումը հաստատել է նրա զոհվելը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։

Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել «Հզբոլլահի»՝ Լիբանանի հարավային սահմանագոտում գտնվող թիրախների դեմ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրոսելը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ Լիբանանին հասցրած իսրայելական հարվածների հետևանքով երկու շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան հազար մարդ, հարյուրհազարավորները դարձել են բռնի տեղահանվածներ:

 

Պիտակ