Գիտնականները վառելիքի՝ գործնականում անսահմանափակ աղբյուր են հայտնաբերել
(last modified Sun, 22 Dec 2024 13:12:30 GMT )
Դեկտեմբեր 22, 2024 16:42 Asia/Tehran
  • Գիտնականները վառելիքի՝ գործնականում անսահմանափակ աղբյուր են հայտնաբերել

Չինացի ֆիզիկոսները բեկում են մտցրել միջուկային էներգիայի ոլորտում:

Նրանք ծովի ջրից ուրանի արդյունահանման նոր եղանակ են մշակել՝ օգտագործելով մեղրամոմը։ Այս եղանակը կարող է հեղափոխություն անել միջուկային էներգիայի ոլորտում, քանի որ այն վառելիքի՝ գործնականում անսահմանափակ աղբյուր է բացում: Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials հանդեսում, գրում է Interesting Engineering-ը։

Մեր օրերում ատոմակայաններն ուրան են օգտագործում էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Գիտնականները հաշվարկել են, որ Երկրի ընդերքում ուրանի պաշարները կազմում են մոտավորապես 7,6 միլիոն տոննա, հաղորդում է «Ֆոկուս»-ը։ Դա նշանակում է, որ միջուկային վառելիքի այս աղբյուրը կգործի ևս մոտ 100 տարի։ Միևնույն ժամանակ, ինչպես ցույց են տալիս հաշվարկները, Երկրի օվկիանոսներում կա մոտավորապես 4,5 միլիարդ տոննա ուրան: Միջուկային վառելիքի նման հսկայական պաշարը կարող է ամբողջ աշխարհը միջուկային էներգիայով ապահովել մի քանի հազար տարի:

Սակայն ծովի ջրից ուրանի արդյունահանումը շատ բարդ է։ Ուրանը օվկիանոսում առկա է շատ ցածր խտության աստիճանով, ինչը դժվարացնում է դրա արդյունահանումը: Այժմ չինացի ֆիզիկոսները ծովի ջրից ուրանի արդյունահանման նոր արդյունավետ և շահավետ եղանակ են ստեղծել:

Այդ նպատակով գիտնականները կլանման բարձր գործակցով հատուկ գնդեր են ստեղծել։ Նյութը ստեղծվել է պոլիամիդոքսիմ կոչվող լուծարված պոլիմերից (այն ձգում է մետաղները ջրի մեջ) և հալված մեղրամոմից։ Մեղրամոմի սառչելուց և հեռացնելուց հետո մնացած նյութը մանրացրել են ծակոտկեն հիդրոգելի մասնիկների: Այդ մասնիկները այնուհետև պարուրվել են ալգինատ-պոլիակրիլաթթվի մեջ՝ ստեղծելով 3 մմ տրամագծով գնդեր:

Ֆիզիկոսները փորձարկել են իրենց գնդերը ինչպես իրական, այնպես էլ մոդելավորված ծովային պայմաններում և լավ արդյունքների հասել: 15 օրվա ընթացքում 10 լիտր սովորական ծովային ջրից ստացվել է 4,79 միլիգրամ ուրան 1 գրամ գնդի դիմաց։ Նմանատիպ ծովային ջրում այն ​​ավելացել է մինչև 8,23 միլիգրամ ուրան՝ մեկ գրամի գնդի դիմաց:

Հետագա փորձերը ցույց են տվել, որ գնդերը կարող են ծովի ջրից ուրան արդյունահանել 95,9%-ից մինչև 99,5% արդյունավետությամբ:

Ծովի ջրից ուրանի արդյունահանման նոր եղանակը՝ էժան նյութերի միջոցով, ցույց է տալիս, որ այս տեխնոլոգիան արդյունաբերական մասշտաբով մարդկությանը կարող է հսկայական քանակությամբ միջուկային վառելիք ապահովել, որն անհրաժեշտ է ատոմակայանների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու համար: Թեև ատոմակայանները դեռևս լիովին մաքուր էներգիայի աղբյուրներ չեն՝ իրենց ստեղծած թափոնների պատճառով, այնուամենայնիվ, դրանք ավելի լավն են, քան հանածո վառելիքները, որոնց օգտագործումը ուժգնացնում է գլոբալ տաքացումը։

Իսկական մաքուր էներգիա կարելի է համարել ջերմամիջուկային էներգիան, որի ստեղծման համար անհրաժեշտ է նույն գործընթացը, որը հնարավոր է դարձնում Արեգակի կյանքը։ Սակայն մինչ այժմ ֆիզիկոսները ջերմամիջուկային էներգիա ստանալու հարցում հաջողության չեն հասել, և դեռ հայտնի չէ, թե երբ այն մեծ մասշտաբով կարտադրվի։

Ինչպես արդեն գրել է«Ֆոկուս»-ը, գիտնականները հայտնաբերել են բոլոր մագնիսական նյութերում գոյություն ունեցող անհայտ քվազիմասնիկներ։ Այս բացահայտումը կարող է նոր տեխնոլոգիաների վրա մեծ ազդեցություն ունենալ:

news.am