«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին․ Ալիև
«Զանգեզուրի միջանցքի» բացումը օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին։ Ինչպես փոխանցում է APA-ն, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ուզբեկստանի Ազգային տեղեկատվական գործակալությանը (UzA) տված հարցազրույցում։
«Մեր երկրների միջև համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարբերակված տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումն է և տրանզիտային հնարավորությունների ընդլայնումը։ Այս ոլորտում առանձնահատուկ նշանակություն ունի «Միջին միջանցք» Միջազգային տրանսպորտային երթուղում մեր երկրների մասնակցությունը, որի շրջանակներում Ադրբեջանը հանդես է գալիս որպես կարևոր տարանցիկ երկիր Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Վերջին տարիներին Միջին միջանցքով արտահանման հնարավորությունների և փոխադրումների ավելացումը առանձնահատուկ ռազմավարական նշանակություն է ձեռք բերել», - հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ձգտելով փարատել Բաքվի կողմից օգտագործվող «միջանցք» արտահայտության շուրջ հանրային վրդովմունքը, առաջ է քաշել այն գաղափարը, որ ադրբեջանական գործիչները նկատի ունեն իրենց սեփական ենթակառուցվածքները, ասենք՝ Հորադիզ-Զանգելան հատվածում։ Այսպիսով, ստացվում է, որ Երևանում համաձայնել են «Արևելյան Զանգեզուրի» գոյության մասին ադրբեջանական կողմի տարբերակի հետ։