Պոպովն անդրադարձել է տարածաշրջան այցին և տարածքներ հանձնելու խոսակցություններին
(last modified Tue, 18 Oct 2016 13:46:59 GMT )
Հոկտեմբեր 18, 2016 17:16 Asia/Tehran
  • Պոպովն անդրադարձել է տարածաշրջան այցին և տարածքներ հանձնելու խոսակցություններին

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) տարածաշրջանային այցը նախ կսկսեն Ադրբեջանից, ապա կայցելեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իգոր Պոպովը:

«Մենք նախատեսում ենք այցելել տարածաշրջան հոկտեմբերի երրորդ տասնօրյակում: Կայցելենք Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ: Նախատեսվում են հանդիպումներ ղեկավարության և զինվորականության հետ: Մտադիր ենք քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ինչը կնպաստի հակամարտության գոտում կայունության հաստատմանը»,- նշել է Պոպովը: Նա տեղեկացրել է, որ այցի շրջանակում կքննարկվեն բանակցային գործընթացի հեռանկարները:

Լեռնային Ղարաբաղի հինգ շրջաններն Ադրբեջանին հանձնելու մասին հարցին ի պատասխան` Պոպովը հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկել կարգավորման բոլոր տարրերի հետ համակարգված ձևով` այդ թվում Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, բոլոր փախստականների վերադարձը, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի պահպանումը, խաղաղարար գործողության իրականացումը: «Կարգավորման գործընթացը միասնական փաթեթ է, և դրանից այս կամ այն կողմի համար նախընտրելի առանձին տարրեր հանելու ցանկացած փորձ ապակառուցողական է»,- նշել է Մինսկի խմբի համանախագահը:

Armenpress.am

 

Պիտակ