Համանախագահներն առանձին խորհրդակցություններ են անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորման հարցով կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը փետրվարի կեսին` Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին առանձին խորհրդակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Եթե նախարարները հետաքրքրություն ցուցաբերեն, ապա մենք կկազմակերպենք համատեղ հանդիպում»,- հայտնել է Ի. Պոպովը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր. «Հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախաշեմին եռանախագահների հետ, և նաև եռանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:
Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետև հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը»:
Panorama.am