Ապրիլ 08, 2017 09:57 Asia/Tehran
  • Die Welt․ Գերմանիայի արեւմուտքում փոխվում է փախստականների նկատմամբ վերաբերմունքը

Գերմանացիների մեծ մասը համարում է, որ Գերմանիան սպառել է նոր միգրանտներ ընդունելու իր հնարավորությունները։

Ընդ որում երկրի արեւմուտքում խնդրի նկատմամբ սկեպտիկ վերաբերմունքն ավելի սուր է զգացվում, քան արեւելքում, արձանագրում է Die Welt-ը։

Ավելի քան 2 հազար մարդու մասնակցությամբ հարցման արդյունքներով 54 տոկոսը կարծում է, որ նոր միգրանտներ ընդունելու՝ երկրի ներուժը սպառված է։ Պարբերականը նշում է, որ «այս թեմայի շուրջ կասկածները ուժեղացել են Գերմանիայում 2015-ի համեմատ, երբ միգրանտների հոսքը մեկ տարում կտրուկ աճել էր»։

«Աճող թերահավատության համար վճռորոշ է դարձել նախեւառաջ արեւմտյան դաշնային հողերի դիրքորոշումը՝ երկրի արեւմուտքում նոր միգրանտներին դեմ է գերմանացիների 55 տոկոսը , իսկ արեւելքում՝ 51 տոկոսը»։

«Առաջվա պես երիտասարդներն ավելի բաց են նոր միգրանտների ընդունման հարցում, քան ավագ սերնդի ներկայացուցիչները։ 14-29 տարեկանների մոտ կեսը հիմա, ինչպես եւ երկու տարի առաջ, համարում է, որ Գերմանիան կարող է ավելի շատ փախստական ընդունել։ Ընդ որում 60 տարեկանից մեծ մարդկանց տեսակետները երկու տարում զգալիորեն փոխվել են՝ հիմա ընդամենը 29 տոկոսն է կողմ նոր միգրանտներին, մինչդեռ 2015-ին այդ ցուցանիշը 53 տոկոս էր»․, ասվում է հոդվածում։

Լրագրողը նշում է, որ ըստ հարցման արդյունքների՝ գերմանացիները հիմնականում վախենում են սոցիալական համակարգի վրա ավելորդ ծանրաբեռնվածությունից, նաեւ տեղի բնակչության ու եկվորների միջեւ հնարավոր կոնֆլիկտներից։

Հարցման մասնակիցների 72 տոկոսը դրական է վերաբերում միգրանտների ներհոսքով պայմանավորված մշակութային բազմազանությանը, սակայն յուրաքանչյուր չորրորդը դեմ է բազմամշակույթ հասարակությանը։ Ընդ որում գերմանացիների 70 տոկոսը համարում է , որ էթնիկ փոքրամասնությունները վատ են ներկայացված պետական ծառայությունում, օրինակ ոստիկանությունում կամ կրթության համակարգում։

News.am                                                               

 

Պիտակ