ԵԱՏՄ տարածքում` այսօրվանից դեղերի գրանցման ընդհանուր պահանջներ
(last modified Mon, 08 May 2017 04:17:53 GMT )
Մայիս 08, 2017 08:47 Asia/Tehran
  • ԵԱՏՄ տարածքում` այսօրվանից դեղերի գրանցման ընդհանուր պահանջներ

2017 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հանձնաժողովի խորհրդի կողմից 2016թ. նոյեմբերին հաստատված դեղերի շրջանառությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, որոնց թվում` դեղերի գրանցման և փորձաքննության պահանջները:

Սահմանված կարգի համաձայն  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում կարող են շրջանառվել միայն այն դեղերը, որոնք գրանցված են տվյալ անդամ երկրում, իսկ սահմանված  ընդհանուր կանոնների կիրառումը հնարավորություն է ընձեռում մեկ անդամ երկրում գրանցված դեղը մեկ այլ անդամ երկրում գրանցել պարզեցված ընթացակարգով: Հետևաբար, ինչպես երրորդ երկրներից, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրից Հայաստան կարող են ներմուծվել միայն այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում:  Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը։

ԵԱՏՄ գրանցման կարգի համաձայն  միության շրջանակներում դեղերի գրանցումն իրականացվելու է երկու ընթացակարգով` ապակենտրոնացված  և փոխադարձ  ճանաչման: Ապակենտրոնացված ընթացակարգի ժամանակ հայտատուն սահմանված ձևի հայտ, փաստաթղթեր ու նյութեր  է ներկայացնում  որևէ անդամ երկրի իրավասու մարմին (իր ընտրությամբ), միաժամանակ,  ըստ ցանկության, հայտ ներկայացնելով այլ անդամ երկրի կամ երկրների իրավասու մարմիններին:

Հայտը առաջինը ստացած անդամ երկրի իրավասու մարմինը (ռեֆերենտ իրավասու մարմին) իրականացնում է  ներկայացված փաստաթղթերի և նյութերի փորձաքննությունը, որի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են ներկայացնել հայտ ստացած մյուս երկրները:

Փորձաքննության ավարտին ռեֆերենտ իրավասու մարմինը կազմում է որակի, անվտանգության և արդյունավետության վերջնական եզրակացությունները, որոնց հիման վրա ընդունվում է դեղի գրանցման կամ գրանցումը մերժելու վերաբերյալ որոշում։ Գրանցում ստանալու դեպքում հայտ ստացած մյուս երկրները նույնպես հայտատուին տրամադրում են հաստատված ձևի հավաստագիր:

Գրանցման գործընթացի տևողությունը՝ հայտը ստանալուց մինչև հավաստագրի տրամադրումը չպետք է գերազանցի 210 օրը:

Փոխադարձ ճանաչման ընթացակարգի տարբերությունն այն է, որ հայտը սկզբում ներկայացվում է միայն մեկ երկիր, որի գրանցումից հետո միայն հայտ է ներկայացվում մյուս անդամ երկրներին՝ առաջին երկրի կատարած փորձաքննության արդյունքները ճանաչելու համար:

Եթե հայտատուն հայտ չներկայացնի մյուս անդամ երկրներին, ապա դեղը կլինի գրանցված միայն առաջին երկրում և չի կարող շրջանառվել մյուս անդամ երկրներում: Հայտատուն վճարում է ինչպես ամբողջական փորձաքննության իրականացման, այնպես էլ փոխադարձ ճանաչման համար:

Տարաձայնությունների կարգավորումն իրականացվում է անդամ պետությունների ներկայացուցիչներից Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովին կից ստեղծված  Դեղերի գծով փորձագիտական կոմիտեի կողմից։

Մինչև 2025թ. հունվարի մեկը գրանցված բոլոր դեղերի փաստաթղթերը պետք է  համապատասխանեցվեն ընդհանուր պահանջներին: Հակառակ դեպքում այդ դեղերի շրջանառությունը կդադարեցվի:

Վերոնշյալ փաստաթղթերը մշակվել  և հաստատվել են ԵԱՏՄ 2014թ. նոյեմբերի 29-ի պայմանագրին համապատասխան 2014թ. դեկտեմբերի 23-ին ընդունված «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղերի շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրում  ամրագրված է, որ կողմերը պարտավորվում են ձեռնարկել օրենսդրության ներդաշնակեցման և միասնականացման համար անհրաժեշտ միջոցներ, ընդունել դեղերի շրջանառության կարգավորման միասնական կանոններ և պահանջներ, ապահովել դեղերի անվտանգությանը, արդյունավետությանը և որակին ներկայացվող պարտադիր պահանջներ ու դրանց կատարման միասնականություն, ինչպես նաև որակի ապահովման համակարգի ստեղծման և վերահսկողության  միասնական մոտեցումներ:

Hetq.am

 

Պիտակ