ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Սեյսուլան գյուղի ուղղությամբ
Փետրվարի 6-ին, ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից դեպի հյուսիս-արեւմուտք ընկած հատվածում։
ԼՂ-ի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) եւ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա), ինչպես նաեւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։
ԼՂ-ի (Արցախի Հանրապետություն) իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
News.am