Հայ-ադրբեջանական սահմանագոտում դիտարկում է անցկացվել
Հայ- ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից փետրվարի 21-ին անցկացվել է հերթական դիտարկումը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել և դիտարկումն իրականացվել է ըստ կողմնորոշիչ ուղղությունների տեղեկություններ փոխանակելու միջոցով: Սահմանային դիտարկման շրջանակում կայացել է նաև ճեպազրույց, որի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
Armenpress.am