Նոյեմբեր 01, 2016 16:03 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կխոսենք Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում Սաուդյան Արաբիայի վերընտրվելու վերաբերյալ:

 

Սաուդյան Արաբիայի անդամակցության ընդունումը  Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդում ցույց է տալիս, թե որքան է աշխարհը համակված բարոյականության տեսանկյունից անհավասարակշիռ ձեռնարկներով: Մի երկիր, որ կառավարվում է միջնադարյան օրենքներով, և որի ժողովուրդը ամենաքիչն ունի քաղաքացիական ազատություններ, անդամակցելով Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդին, քննադատում է այլ երկրներում մարդու իրավունքների խախտման դեպքերը: Հոկտեմբերի 28-ը պետք է գրանցել որպես Միավորված ազգերի կազմակերպության սև օրերից մեկը: Մի կազմակերպություն, որ պետք է պահպանի խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ աշխարհում, գործիք է դարձել աշխարհում մարդու իրավունքները ամենաշատը խախտող պետության ձեռքում: Հունիս ամսին Միջազգային համաներում և Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունները պահանջեցին, որպեսզի կասեցվի Սաուդյան Արաբիայի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կրկին անդամակցության գործընթացը, նշելով, որ այդ երկիրը պարբերաբար ու կոպտորեն խախտում է մարդու իրավունքները ինչպես պետության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

 

        Մարդու իրավունքների խախտումը Արաբիայում

Միջազգային համաներում կազմակերպության տնօրեն Ռիչարդ Բենեթը այդ ժամանակ Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված իր զեկույցում գրել է. «Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի հեղինակությունը վտանգված է»: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի այդ խորհրդին միանալուց հետո, մարդու իրավունքների վիճակն այդ երկրում ծայրաստիճան վատթարացել է, և այժմ կոալիցիոն ուժերը սաուդցիների գլխավորությամբ Եմենում զբաղված են խաղաղ բնակչության կոտորածով: Արևմուտքի երկրների արձագանքն այս զգուշացումներին եղավ այն, որ Սաուդյան Արաբիան պահպանեց իր անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Մարդու իրավունքների հռչակագրի 5-րդ հոդվածում ասված է. «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի»: Եվ հարց է առաջանում, թե այս չափանիշներից ո՞ր մեկին է հետևում Սաուդյան Արաբիան և ինչու՞ արևմտյան երկրները, որ հայտնի են իրենց մարդասիրական քարոզներով, քվեարկեցին հօգուտ այդ երկրի Մարդու իրավունքների խորհրդում վերընտրման: Համաձայն Մարդու իրավունքների խորհրդի կանոնադրության 8-րդ կետի, եթե  անդամ երկրներից մեկը խախտի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կետերը, պետք է հեռացվի խորհրդից: Այսուհանդերձ, արևմտյան երկրները, որոնք հանդես են գալիս որպես մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ, չնայած Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից տեսախցիկների առջև իրականացվող կանանց ու երեխաների սպանություններին, քվեարկեցին այդ երկրի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցության օգտին:

 

 

Սաուդյան Արաբիան անխնա կոտորում է եմենցի  կանանց ու երեխաներին

Սաուդյան վարչակարգը մարդու իրավունքների խախտման հարուստ փորձ ունի՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի 7 հազար անդամներ կառավարում են երկրի ավելի քան 25 միլիոն բնակչությանը և սրան հավելյալ, պետական ողջ համակարգը սեփականացնելով, երկրի բնական հարստություններ` նավթի ու գազի վաճառքից ստացված հսկայական եկամուտները յուրացնում են հասարակական վերահսկողության մեխանիզմների բացակայության պայմաններում: Եվ իսկապես, Սաուդյան Արաբիան զերծ է ամեն տեսակ դեմոկրատական չափանիշներից՝ անգամ արարողակարգային մակարդակում:  Սաուդյան վարչակարգը իր տոհմական իշխանության պահպանման և ամրապնդման համար երկիրը կառավարում է ավտորիտար եղանակով և բնակչությանը զրկում է քաղաքացիական նվազագույն իրավունքներից: Ճնշումներն ու ազատությունների բացակայությունը նույնպես կարելի է համարել այդ երկրի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտում: Միջազգային համաներում կազմակերպությունը իր զեկույցներից մեկում, անդրադառնալով Սաուդյան Արաբիայում բանտարկյալների վիճակին, նշել է, որ այդ երկրի բանտարկյալներից շատերը ձերբակալվել են միայն այն պատճառով, որ դեմ են եղել իշխող վարչակարգին:

     Մարդու իրավունքների ոտնահարումը Արաբիայում

Սաուդյան Արաբիայում բնակչության կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելու արգելված լինելը նույնպես մարդու իրավունքների խախտում է: Արաբիայի քաղաքացիները խուսափում են անգամ որևէ հայտարարություն ստորագրելուց կամ իրենց անունները հրապարակելուց: Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության Սաուդյան Արաբիայի հարցերով պատասխանատու Ադամ Քուգելը անցած ձմռան կտրվածքով մարդու իրավունքների վիճակը այդ երկրում շատ ստվերային է գնահատել: Նա ասել է. «Մարդու իրավունքների վիճակը Սաուդյան Արաբիայում օրեցօր ավելի է վատթարանում: Խախտվում են մարդկանց այնպիսի հիմնարար իրավունքները, ինչպիսիք են խոսքի, հավատքների և կրոնի ազատությունը»: Ըստ Քուգելի հաղորդած մանրամասների. «Արաբիայում բոլոր իրավաբաններին և մարդու իրավունքների պաշտպաններին ձերբակալում են և ենթարկում երկարաժամկետ ազատազրկման»:

Հյուսիսային Աֆրիկայի միապետական երկրներում 2011 թվականին տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունների ալիքից սարսափած, Սաուդյան Արաբիայի կառավարող շրջանակները դաժանորեն պայքարում են ցանկացածի դեմ, ով դեմ է դուրս գալիս իշխող վարչակարգին: Դուք Արաբիայում հազիվ թե հանդիպեք մարդու իրավունքների ոլորտում մի ակտիվիստի, ով բանտի ճաղավանդակներից դուրս գտնվի: Այդ երկիրը այժմ էլ առաջնորդվում է արդարության կամայական դրսևորումներով, քանի որ երկրում քրեական օրենսգիրք գոյություն չունի և նույնիսկ քրեական օրենսգիրք ձևավորող օրենքներ գոյություն չունեն: Սաուդյան Արաբիայի բանտերը լի են քաղաքական բանտարկյալներով, որոնք միայն ցանկացել են ձեռք բերել քաղաքացիական ազատություններ և դեմ են եղել իշխող վարչակազմին: Այժմ նրանք գոյատևում են սաուդական բանտերում և նրանց համար ստեղծված են ամենավատ պայմանները: Տասնյակ բանտարկյալներ են պահվում նեղ ու սահմանափակ տարածությամբ խցերում: Սաուդյան Արաբիայի դատարանները չեն համապատասխանում դատարանների համար նախատեսված նվազագույն ստանդարտներին: Ձերբակալվածները անգամ փաստաբան ունենալու իրավունք չունեն: Իսկ եթե անգամ ունենան էլ, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ դատավորի վճռի վրա, քանի որ դատավճիռները հիմնված են ոչ թե օրենքների, այլ պարզապես դատավորների կամայական ցանկությունների վրա: Կանանց իրավունքները այդ երկրում նույնպես շատ սահմանափակ են: Նրանց իրավունքները սահմանափակ են հասարակական, կրթական, աշխատանքային վայրեր գնալու համար: Կանայք իրավունք չունեն հայտնվելու շատ հասարակական վայրերում, օրինակ բանկերում, ռեստորաններում, առևտրի սրահներում առանց ուղեկցության: Լրատվամիջոցները նույնպես գտնվում են  սաուդյան վարչակարգի անմիջական վերահսկողության ներքո:

Կանանց վիճակը Սաուդյան Արաբիայում

Պետությունը, որի ներսում քաղաքացիական նվազագույն իրավունքները չեն պահպանվում, պարզապես չի կարող իր սահմաններից դուրս հետևել մարդու իրավունքների պահպանմանը: Հիմնվելով նավթային դոլարների վրա, սաուդցիները ստանձնել են արաբական աշխարհի գլխավորի դերն ու մյուս արաբական երկրների քաղաքականության ուղղություններն են որոշում: Սաուդցիները ավելի քան 5 տարի է, ինչ հենց այս եղանակով օժանդակում են Սիրիայում գործող ծայրահեղական ու ահաբեկչական շարժումներին: Արաբիայի նմանօրինակ քաղաքականության հետևանքով, ավելի քան կես միլիոն սիրիացի է սպանվել և միլիոնավորները անտուն են դարձել:  Սաուդյան վարչակարգն ու Արաբիայում իշխող վահաբականները հանցագործ խմբավորումների ու ահաբեկչության օջախ են հանդիսանում, սակայն այս խնդիրը աշխարհում ոչ ոքի, հատկապես արևմուտքի երկրներին չի մտահոգում:

 

Արաբիան հանցագործ խմբավորումների օջախ և Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի անդամ.

Եմենի ժողովուրդը ավելի քան մեկուկես տարի է, ինչ Արաբիայի վարած քաղաքականությանը դեմ լինելու պատճառով, հայտնվել է ամերիկական ու բրիտանական ռումբերի նշանառության տակ: Այդ ռմբակոծությունների արդյունքում, առանց այն էլ աղքատ Եմենի բազմաթիվ տնտեսական ենթակառուցվածքներ ավերվել են: Հազարավոր եմենցիներ սպանվել, վիրավորվել և անտուն են մնացել:  Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամը(ՅՈՒՆԻՍԵՖ) իր զեկույցում նշել է, որ եմենցի ավելի քան 10 հազար մանուկներ երկրի սանիտարահիգիենիկ պայմանների վատթարացման  պատճառով մահացել են: ՄԱԿ-ի օգնություն մատակարարող հիմնարկությունների զեկույցների համաձայն, ավելի քան մեկուկես միլիոն եմենցի մանուկներ ծայրահեղ սովի պայմաններում են գտնվում, և երկրի բնակչության կեսը աղքատ է: Համաշխարհային պարենային ծրագրի խոսնակն այս առիթով ասել է. «Եմենում իսկապես ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել. երբ տեսնում ես, որ մայրերը բավարար ուտելիք չունեն իրենց երեխաներին կերակրելու համար, այդ տեսարանը կոտրում է քո սիրտը: Այսպիսի տեսարանին ականատես լինելը 21-րդ դարում ցավալի երևույթ է: Եմենում Արաբիայի հարձակումների արդյունքում հումանիտար աղետ է տեղի ունենում և սաուդցիներին այդ հարցում քաղաքականապես ու ռազմականապես օժանդակում են արևմուտքի երկրները: Այն դեպքում երբ Եմենում ռմբակոծությունների հետևանքով  կանայք ու երեխաներ են զոհվում, Բրիտանիայի պառլամենտում քննարկումներ են ընթանում իրենց ինքնաթիռներին հատկացված բավարար խնամքի վերաբերյալ»:

 

Բրիտանիան՝ Սաուդյան Արաբիայի Եմենի վրա հարձակվելու առաջին տարում մոտ 5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք է վաճառել Ռիադին: Զենքի արտահանումը դեպի Արաբիա ներկայումս էլ շարունակվում է Բրիտանիայի և մի շարք այլ արևմտյան երկրների կողմից: Իրականում արևմտյան երկրները մասնակից են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում իրականացվող ոճրագործություններին: Մասնակից են նաև այն ոճրագործություններին, որոնք անուղղակիորեն իրականացվում են սաուդցիների կողմից Սիրիայում և Իրաքում՝ հանցագործ ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու միջոցով: Սաուդյան Արաբիան, ստանալով արևմուտքի երկրների աջակցությունը, երկարաձգեց իր անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, որպեսզի կարողանա կոծկել այն բոլոր ոճրագործությունները, որ ներկայումս իրականացնում է: Ցանկացած հետաքննություն  այս ոլորտում կբացահայտի նաև Արաբիայի որոշ հարևան երկրների ներգրավվածությունը այս հանցագործություններում: Սաուդյան Արաբիան գործիք է արևմտյան երկրների ձեռքում՝ տարածաշրջանում իրենց քաղաքականությունն իրականացնելու համար: Արևմուտքը ձգտում է ճգնաժամ առաջացնել և կրոնական հակամարտություններ ստեղծել տարբեր իսլամական երկրների միջև: Եթե Սաուդյան Արաբիայում գործեր ժողովրդական իշխանական համակարգ, արևմտյան երկրներն այլևս անկարող կլինեին օգտագործել այդ երկիրն իրենց հանցավոր նպատակների իրագործման համար

 

Պիտակ