Օգոստոս 04, 2024 19:14 Asia/Tehran
  • Հութիները հայտարարել են, որ ամերիկյան ԱԹՍ են խոցել և նավ են գրոհել Ադենի ծոցում

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ իր մարտիկները ամերիկյան «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարք են խոցել և բալիստիկ հրթիռներով հարձակվել Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավի վրա:

«Եմենի զինված ուժերի ՀՕՊ ուժերը կարողացել են «երկիր-օդ» դասի ինքնաշեն հրթիռով խոցել ամերիկյան «MQ-9» ԱԹՍ-ն։ Ռազմածովային ուժերը և հրթիռային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ ռազմական գործողություն, որի ընթացքում բալիստիկ հրթիռներով գրոհել են Ադենի ծովածոցում գտնվող «Groton» նավը, - ասված է հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիայի հայտարարության մեջ:

Ինչպես նշել է հութիների ներկայացուցիչը, նավը գնդակոծվել է Իսրայելի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը խախտելու համար, որի մասին ավելի վաղ հայտարարել էր «Անսար Ալլահ» շարժումը, իսկ ԱԹՍ–ն խոցվել է հենց հութիների հավաքած հրթիռի օգնությամբ:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կհարձակվի Իսրայելի հետ կապ ունեցող ցանկացած նավի վրա, և մյուս երկրներին հորդորել էր հետ կանչել իրենց անձնակազմերը։

Հութիները հայտարարել են, որ իրենց գործողություններն ուղղված են Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների օգնությանը, իրենք չեն խանգարում այդ տարածաշրջանի նավագնացությանը։

ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պարբերաբար ռմբակոծում է հութիների օբյեկտները՝ փորձելով ստիպել նրանց դադարեցնել նավերի գնդակոծությունը։

 

Պիտակ