Դեկտեմբեր 26, 2016 17:45 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Եվրոպայում աջ ծայրահեղական կուսակցությունների իշխանության գալու, ծայրահեղականության աճի և այդ վտանգավոր երևույթի նպատակների ճանաչման անհրաժեշտության մասին։

Ողջույն հարգելի ռադիոլսողներ, մեծ սիրով ձեր դատին ենք հանձնում «Աջ ծայրահեղականության և իսլամաֆոբիայի աճը Եվրոպայում» հաղորդումը, մնացեք մեզ հետ։ Աջ ծայրահեղականությունը ամբողջովին խախտել է քաղաքական, հասարակական և մշակութային հավասարակշռությունը Եվրոպայում և անճանաչելիորեն փոխել այդ աշխարհամասը։ Վերլուծաբանների կարծիքով 2008 թվականին վրա հասած տնտեսական և ֆինանսական ճգնաժամը, այն հաղթահարելու համար եվրոպական երկրների վարած քաղաքականությունը, փախստականների ներհոսքը, Ռուսաստանի հետ քաղաքական լարվածությունը և ահաբեկչության մշտական սպառնալիքները պատճառ են հանդիսացել որպեսզի Եվրոպայում աջ ծայրահեղականները և իսլամաֆոբիա քարոզողները գլուխ բարձրացնեն և ժողովրդական աջակցություն ստանան։ Նրանք վերջին տարիների ընտրություններում և հանրաքվեներում մեծ հաջողությունների են հասել, սակայն՝ ինչպես ժամանակն է ցույց տալիս, ձեռք բերածով չեն պատրաստվում բավարարվել։

Աջ ծայրահեղականության աճը Եվրոպայում

Եվրոպայում իրադարձությունների վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աջ ծայրահեղական կուսակցությունների գլուխ բարձրացնելու ֆոնին բավականին թուլացել են ձախ կենտրոնամետ և պահպանողական կուսակցությունները։ Վերջիններս էլ իրենց քաղաքական ազդեցությունը պահպանելու համար անընդհատ կրկնում են աջ ծայրահեղականների կարգախոսները։ Եվրոպայի քաղաքական շրջանակներում փախստականներին ճնշելը և իսլամաֆոբիա քարոզելը վերջին շրջանում դարձել է իշխանություն ձեռք բերելու կամ այն պահպանելու հիմնական միջոցը։ Այս իրողությունը Եվրոպայում սկիզբ է առել 2008 թվականին սկսված ճգնաժամից և եվրոպական երկրների կողմից պետական ծախսերը կրճատելու ծրագրի իրականացումից հետո, երբ քաղաքական դաշտից սկսեցին հեռանալ ձախ և պահպանողական կուսակցությունները՝ իրենց տեղը զիջելով աջ ծայրահեղականներին։ Վերջին տարիների ընտրություններում ավանդական ձախակողմյան կուսակցությունները բավականին ցածր ցուցանիշներ են ունեցել։ Իրավիճակն այժմ այնպիսինն է, որ վերոնշյալ կուսակցությունները եվրոպական ոչ մի երկրում իշխանության գալու հեռանկար չունեն։ Եթե անգամ որևէ երկրում նրանց հաջողվի պահպանել իրենց իշխանությունը, ապա նրանց հավաքած ձայները չեն բավականացնելու խորհրդարաններում մեծամասնություն կազմելու և միայնակ կառավարություն ձևավորելու համար։ Ըստ երևույթին նրանք ստիպված են լինելու բազմաթիվ պատգամավորական մանդատներ և նախարարական պորտֆելներ զիջել այլ կուսակցությունների։ Իսպանիան պատկանում է այն երկրների շարքին որտեղ նույնպես պահպանողական կուսակցությունը երկու՝ վեց ամիս ընդմիջումով տեղի ունեցած ընտրություններում չկարողացավ խորհրդարանում մեծամասնություն կազմել։ Այդ կուսակցությունը ստիպված եղավ մեկ այլ փոքր կուսակցության օժանդակությամբ փոքրամասնություն կազմել խորհրդարանում։ Նախկինում Իսպանիայում մեծ ժողովրդականություն վայելող ձախակողմյան սոցիալիստական կուսակցությունը ևս ընտրությունների ժամանակ մեծ հաջողություններ չունեցավ։

Մարիանո Ռախոյ՝ Իսպանիայի անհաջողություն կրած պահպանողական կուսակցության առաջնորդ

 

Նախկինում Եվրոպայում հիմնական քաղաքական մրցակցությունը ձախակողմյան և կենտրոնամետ աջակողմյան կուսակցությունների միջև էր ընթանում։ Ներկայումս իրավիճակը ամբողջապես փոխվել է այնպես, որ քաղաքական ասպարեզում մրցակցում են կենտրոնամետ աջերն ու աջակողմյան ծայրահեղականները։ Եվրոպական բազմաթիվ երկրներում աջակողմյան ծայրահեղականներին դիմագրավելու համար աջ և ձախ կենտրոնամետ կուսակցությունները միավորվել են և միասնաբար են հանդես գալիս։ Նմանօրինակ իրավիճակ է ստեղծվել Գերմանիայի դաշնային և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Ֆրանսիայում սոցիալիստական կուսակցության հեղինակության անկման պատճառով կանխատեսվում է, որ 2017 թվականի նախագահական ընտրություններում հիմնական մրցակությունը ընթանալու է կենտրոնամետ աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի և ծայրահեղական Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի միջև։ Վերջինս հայտնի է փախստականների և մուսուլմանների նկատմամբ իր կոշտ դիրքորոշումներով։

  Ազգային ճակատ կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը

Ինչպես նաև կանխատեսվում է, որ 2017 թվականին Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Գերմանիայի ալտերնատիվ» աջակողմյան ծայրահեղական կուսակցությունը մեծամասնություն կկազմի և մեծ հաջողություններ կունենա Գերմանիայի նահանգներից մեծ մասում։ Ավստրիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում  ձախ և աջ կենտրոնամետ կուսակցությունների թեկնածուները ընտրապայքարից դուրս են մնացել և  այժմ մրցակցությունը Կանաչների կուսակցության և աջակողմյան ծայրահեղական թեկանծուի միջև է ընթանում։ Հոլանդիայում անցկացված սոցհարցումները վկայում են այն մասին, որ 2017 թվականի պառլամենտական ընտրություններում աջակողմյան ծայրահեղական Ազատություն կուսակցությունը՝ Գերտ Վիլդերսի ղեկավարությամբ վտանգավոր մրցակից է լինելու երկրի աջ և ձախ կենտրոնամետ կուսակցությունների համար։ Հատկանշական է, որ այս կուսակցությունը ևս աչքի է ընկնում իր իսլամաֆոբ գործելակերպով և կարգախոսներով։ Իտալիայում ևս նմանատիպ իրավիճակ է ստեղծվել․ ըստ սոցհարցումներից ստացված տեղեկությունների Հինգ աստղ կուսակցությունը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել երկրում և եթե 2017 թվականին Իտալիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացվեն, ապա այս կուսակցությունը լուրջ մրցակից է լինելու աջ և ձախ կենտրոնամետ կուսակցությունների համար։ Կուսակցությունը մշտապես հանդես է գալիս ԵՄ-ին և ընդհանուր դրամական միավորին՝ եվրոյին դեմ հայտարարություններով և այժմ պառլամենտում երկրորդ տեղն է զբաղեցնում պատգամավորական մանդատների թվով։ Մյուս եվրոպական երկրներում ևս աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները քաղաքական ասպարեզում խառնաշփոթ են առաջացրել՝ քաղաքական հավասարակշռությունը իրենց օգտին խախտելով։ Վերոբերյալ փոփոխությունները վկայում են, որ 2017 թվականին Եվրոպան մեծ քաղաքական մարտահրավերների առաջ է կանգնելու։ Այս ամենը անշուշտ նպաստելու է Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածմանը, ինչը բնականաբար վատ ազդեցություն է ունենալու ԵՄ-ում ապրող խաղաղասեր մուսուլման բնակչության վրա։

             Եվրոպացիների կողմնորոշումը դեպի աջակողմյան ծայրահեղականություն

 

Ստեղծված նոր պայմաններում աջ ծայրահեղական կուսակցությունների, նրանց գործունեության սկզբունքների և կարգախոսների մասին տեղեկացված լինելը ուղղակի անհրաժեշտություն է դարձել։ Ի՞նչ գաղափարախոսությամբ են առաջնորդվում աջ ծայրահեղականները։ Ո՞րն է նրանց հիմնական նպատակը։ Ի՞նչ փոփոխություններ կլինեն Եվրոպայում, եթե նրանք իշխանության գան։ Ի՞նչի կհանգեցնի Եվրոպայում  իսլամաֆոբիայի տարածումը։ Հարգելի՛ ռադիոլսողներ, մենք նպատակ ունենք բարձրացնել ձեր տեղեկացվածությունը վերոնշյալ թեմաների շուրջ։

Աջ ծայրահեղականությունը մշտապես եղել է ուսումնասիրությունների առարկա, բայցևայնպես այս հասկացությունը չունի հստակ սահմանում։ Ավելին՝ ծայրահեղականության այս տեսակը շատ հաճախ ուսումնասիրողների շրջանում բազմաթիվ վեճերի պատճառ է դառնում։ Որոշները այն համարում են օրինազանց, ահաբեկչական երևույթներին ծնունդ տվող հիմնական գործոնը։ Աջակողմյան ծայրահեղականությունը շատ վտանգավոր երևույթ է, որը որոշ քաղաքական օղակներում լավ գործիք է դարձել իշխանության աստիճանով բարձրանալու համար։ Այսօր այդ գործիքը օգտագործվում է Եվրոպայում իսլամաֆոբիա տարածելու և փախստականներին ճնշելու համար։ Աջ ծայրահեղականության մասին խոսելիս չպետք է մոռանանք դրա պատմական արմատների մասին։ Իրականում այս երևույթը նոր չէ․ այն արմատ է առնում ֆաշիզմից։ Եվս մեկ կարևոր հանգամանք, որն անհրաժեշտ է նշել ծայրահեղականության մասին խոսելիս․ ծայրահեղականության գաղափարները ընդհանուր բնույթ չեն կրում, այսինքն բոլոր ծայրահեղականները նույն գաղափարներով չեն առաջնորդվում։ Գուցե զարմանալի թվա, բայց հնարավոր է, որ երկու տարբեր ծայրահեղական ուժերի գաղափարախոսությունները այնքան տարբերվեն միմյանցից, որ անգամ ընդհարում առաջանա դրանց միջև։ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը 2006 թվականին հայտնի հասարակագետ մտածողներից խնդրեց սահմանել թե ինչ է աջ ծայրահեղականությունը։ Վերջիններս երևույթը այսպես սահմանեցին․«Աջ ծայրահեղականությունը հասարակական մտածողության ձև է, որի հիմնական սկզբունքը անհասավասարությունն է։ Դրա արգասիքը հանդիսանում են որոշակի քաղաքական ռեժիմները, ինչպես օրինակ դիկտատուրան, նացիոնալիզմը և այլն, իսկ հասարակության մեջ այն արտահայտվում է օտարաֆոբիայի և դարվինիզմի խոր դրսևորումներով»։

    Փեգիդա աջ ծայրահեղականների կազմակերպած ցույցերը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում (ուշադրություն դարձնել կարգախոսներին)

Հմուտ քաղաքագետ Իգնազիի կարծիքով գոյություն ունեն երեք հիմնական պայմաններ, որոնց բավարարելու դեպքում այս կամ այն կուսակցությունը կարող է աջ ծայրահեղական կոչվել։ Առաջին․ կուսակցությունը պետք է գաղափարապես գտնվի աջ թևում։ Երկրորդ պայմանն այն է, որ կուսակցության հիմնական գաղափարախոսությունը պետք է ունենա ֆաշիստական երանգ։ Երրորդ պայմանի համաձայն աջ ծայրահեղական կուսակցության գաղափարախոսությունը պետք է դեմ լինի ժողովրդավարական սկզբունքներին։ Քաղաքագետը ըստ այս առանձնահատկությունների աջակողմյան ծայրահեղականներին բաժանում է երկու խմբերի։ Առաջին խմբում այն կուսակցություններն են, որոնք ըստ երևույթին ֆաշիզմի գաղափարական ժառանգորդներն են, իսկ երկրորդ խմբում նոր գաղափարախոսություններով առաջնորդվող կուսակցություններն են։ Այսօրվա մեր քննարկման թեման հանդիսացող եվրոպական կուսակցությունները պատկանում են երկրորդ խմբին։ Վերջիններս ավանդական դարձած ֆաշիզմի քաղաքականությունը փոխարինել են, փախստականների դեմ դուրս գալու գաղափարախոսությամբ, ինչն էլ ընտրություններում հաղթանակ է ապահովվել այդ կուսակցություններին։  Նման կուսակցությունները հմտորեն օգտագործում են աջ ծայրահեղականությունը իշխանության հասնելու համար՝ փախստականներին որպես գերխնդիր հայտարարելով։ Աջակողմյան ծայրահեղականները մարդկանց էմոցիոնալ դաշտի վրա ազդում են փախստականների դեմ կարգախոսներով։ Եվ այս եղանակով իրենց համար անհրաժեշտ քանակությամբ քվեներ են ապահովում։ Նման գործելակերպը բազմաթիվ լուրջ քննադատությունների տեղիք է տվել, մասնավորապես աջ ծայրահեղականների հակառակորդ կուսակցությունների կողմից։

Աջ ծայրահեղականության մասին ավելին իմանալու համար հետևեք մեր հաջորդ հաղորդումներին։ Շնորհակալություն ուշադրության համար։

 

 

 

 

Պիտակ