Հունիս 03, 2017 15:29 Asia/Tehran

1982թ. հունիսի 4-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվեց որպես Բռնության զոհ դարձած անմեղ երեխաների համաշխարհային օր, նպատակ ունենալով ավելի ուշադիր լինել նման երեխաների ճակատագրին: Այս օրը հռչակվեց ի պատասխան պաղեստինցի ու լիբանանցի խաղաղ բնակիչների ու հատկապես` անմեղ երեխաների նկատմամբ  Իսրայելի իրականացրած բռնությունների:

1982 թ. թվականի հունիսի 6-ին Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի նախագահ` Մենախիմ Բեգինի ղեկավարած ուժերն ի պատասխան Բրիտանիայում այդ վարչակարգի դեսպանի սպանության, որը կատարվել էր պաղեստինյան աշխարհազորային խմբի կողմից, հարձակում գործեցին Լիբանանի հարավային շրջանների վրա: Հարձակման ընթացքում սպանվեցին  ավելի քան 20 հազար  լիբանանցիներ, սիրիացիներ ու պաղեստինցիներ: Եվս 30 հազարը վիրավորվեց: Սպանվածներից 5000-ը 15 տարին չբոլորած երեխաներ էին:

Բռնությունից տուժած անմեղ երեխաների համաշխարհային օր

 

Այսօր ամբողջ աշխարհում  երեխաների իրավունքները ոտնահարվում են: Իսկ համաշխարհային հանրությունը դրա լուռ ականատեսն է:   Այսօր ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիարդ երեխա, որոնց թվում մինչև 5 տարեկան 300 միլիոն երեխա, զինված գործողությունների զոհ են դառնում և ոչ ոք նրանց հարցը չի քննարկում, քանի որ խոսքը ոչ թե մի քանի, այլ տասնյակ հազարավոր երեխաների մասին է:

Պատերազմում անմեղ երեխաների սպանդը

 

Երեխաներն ամբողջ աշխարհում տուժում են պատերազմից: Եվ սա դառը իրականություն է: Նրանք տուժում են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Նրանց իրավունքներն ակնհայտորեն ոտնահարվում են: Պատերազմում նրանք ենթարկվում են բռնության ու սպանվում: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են հարձակումներ իրականացվում դպրոցների ու հիվանդանոցների վրա: Պատերազմական գոտիներում երեխաները զրկված են նաև մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: 1989թ հաստատվեց Երեխաների իրավունքների կոնվենցիան: Կոնվենցիան երկու կետերով խստորեն արգելում է  մինչև 18 տարեկան երեխաների ներառումը պատերազմներում կամ քաղաքական հակամարտություններում: 2 տարի առաջ, Գրաչա Մաչելի զեկույցն իր վրա գրավեց համաշխարհային ուշադրությունը: Զեկույցում ներկայացվում է, թե ինչպիսի վիճակում են երեխաները հայտնվում պատերազմների ժամանակ: Նույն ժամանակ հաստատվեց ՄԱԿ-ի ԳԱ թիվ 51/77 բանաձևը: Բանաձևում ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ է արվում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաներին ու թույլ չտալ, որ նրանք պատերազմի մասնակից դառնան: Կոնվենցիան, պաշտպանելով երեխաների իրավունքները, նաև ընտրում է  երեխաների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին: Ամեն տարի համաշխարհային հանրությունն ականատես է, թե ինչպես են տուժում հազարավոր երեխաներ: Կարելի է ասել, որ եթե մի քանի տարի առաջ միայն Իսրայելն էր հռչակված որպես մանկասպան ռեժիմ, այսօր Սաուդյան Արաբիան, իր որոշ արևմտյան ու արաբական դաշնակիցների հետ միասին նույնպես մեղադրվում են երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Երեխաները բռնության են ենթարկվում նաև թաքֆիրական խմբերի և ԻԼԻՊ-ի կողմից: Միջազգային օրենքները չեն կարող միանշանակ պաշտպանել երեխաների իրավունքները: Ուստի այստեղ շատ է կարևորվում պաշտոնյաների ու այն մարդկանց գործունեությունը, ովքեր պաշտպանում են երեխաների իրավունքները: Այսօր ամբողջ աշխարհում պատերազմական գոտիներում  օգնության կարիք ունի ավելի քան 250 միլիոն երեխա: 87 երկրների երեխաներին սպառնում է  արկերի գոյությունը, որոնց թիվը հասնում է 60 միլիոնի: Ամեն տարի արկերի պայթյունից տուժում է մոտ 10 հազար երեխա: Իսկ ավելի քան 300 հազար աղջիկ երեխա ծառայում է որպես զինվոր և ենթարկվում սեռական բռնության: Աշխարհում գոյություն ունի մոտավորապես 50 միլիոն անօթևան, որոնց կեսը երեխաներ են: 22 միլիոն անօթևաններից 10 միլիոնը,  որոնք գտնվում են ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովի հսկողության տակ, ունեն 18-ից ցածր տարիք: Եվրոպայում ավելի քան 100 հազար երեխա դարձել է ծնողազուրկ: Իսկ ԱՄՆ-ում ու Եվրոպայում ամեն տարի այդ թվին ավելանում է  ևս 20 հազարը: 4 միլիոն երեխա մահացել է ՄԻԱՎ-ից, և 13 միլիոնը որբ են մնացել: Հատկապես այն երկրներում, որտեղ գոյություն ունեն քաղաքական հակամարտություններ, ՄԻԱՎ-ը երեխաների մահվան առաջին պատճառներից է:

 

 

1.2 միլիարդ մարդ ամեն օր ապրում է մեկ դոլարով: Նրանց կեսը երեխաներ են: 10 միլիոն մինչև 5 տարեկան երեխա մահանում է հիվանդություններից կամ թերսնումից: Եվս 40 միլիոն երեխայի ծնունդը կասեցվում է:   ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ  Եմենում մոտավորապես 3 միլիոն 300 հազար մարդ տառապում է թերսնումից: Նրանց 2 միլիոն 200 հազարը երեխաներ են: Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը  հայտարարել է, որ  1000 երեխայից 63-ը 5 տարին չբոլորած մահանում են: Դրանից բացի, Եմենի պատերազմի ընթացքում սպանվել կամ վիրավորվել է 3 հազար երեխա: Իսկ Սիրիայում մահացած երեխաների թիվը հասնում է 12 հազարի:

Քննարկելով Միջին Արևելքի ու Աֆրիկայի մի շարք երկրների վիճակը, կարելի է հասկանալ, որ երեխաների անվտանգությունը լրջորեն վտանգված է: Բազմաթիվ երեխաներ ապրում են հրթիռների ու կրակոցների ձայնի տակ: Նրանք առավոտյան արթնանալիս տեսնում են, որ իրենց դպրոցն ավերվել է: Շատ երեխաներ այս հարձակումների ընթացքում կորցնում են իրենց ծնողներին: Այդ երեխաները նաև զրկված են առողջ ապրելու իրավունքից:

Պատերազմի երեխաներ` զրկված ընտանիքից

 

 

Շատ երեխաներ այսօր դաս սովորելու փոխարեն վարժանքներ են ստանում ահաբեկչական խմբերում և ֆուտբոլի գնդակի փոխարեն խաղում են մարդկանց գլուխներով: Նրանցից շատերն ընտանիքից զրկվելով,  մտնում են այս խմբերի մեջ ու դառնում մարդասպաններ: Շատ երեխաներ ենթարկվում են սեռական բռնության, ստիպողաբար աշխատում են, դառնում մարմնավաճառներ կամ թրաֆիկինգի զոհ: Իհարկե ՄԱԿ-ից պետք  է ունենալ ավելի մեծ սպասելիքներ: Սակայն այսօր այս կառույցը քաղաքականացված է: Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիայի անունը ջնջվում է մանկասպան վարչակարգերի ցուցակից` իր նավթային դոլարների պատճառով: Դա կարելի է համարել աններելի քայլ` այս միջազգային կազմակերպության կողմից: Երեխաների միջև չկա ոչ մի տարբերություն, անկախ նրանից, նրանք ապրում են Եմենում, Սիրիայում, Աֆրիկայում, Իրաքում, Պաղեստինում, Աֆղանստանում,  թե` եվրոպական զարգացած երկրներում: Երեխաների նկատմամբ իրականացվող յուրաքանչյուր հանցագործություն պետք է դատապարտվի: Քանի որ աշխարհը պատկանում է բոլորին  և նրա խաղաղությունն ու անվտանգությունը կախված են հենց այդ երեխաների ապագայից:

Պատերազմներում ոտնահարվում են երեխաների իրավունքները

 

Բռնության զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրն առիթ էր` ևս մեկ անգամ անդրադառնալու այդ երեխաների վիճակին: Երեխաներ, որոնք տեսել են, թե ինչպես է պայթյունների հետևանքով փլատակի վերածվում իրենց տունը: Երեխաներ, որոնց համար սնունդն ու դեղորայքը ոչ թե անհրաժեշտ կարիք են, այլ արժեքավոր ու անգնահատելի նվեր:

 

Պիտակ