Դեկտեմբեր 08, 2023 11:55 Asia/Tehran
  • Եթե ֆրանսիականն անպիտան է համարում, թող Զախարովան մեզ աջակցի, որ ռուսական պիտանի զենքերը օր առաջ հասնեն ՀՀ. Քոչարյան

Մեր բախտը չի բերել, մենք ունենք շատ տարօրինակ մտածողությամբ ընդդիմություն. Իրենք շարժվում են կոնկրետ մարդկանց ճաշակով, եւ այդ մարդիկ հայտնի մարդիկ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Երեկ էլ Ռոբերտ Քոչարյանի տղան նեղացավ, թե ինչու չեք «նախկին» բառից հրաժարվում: մենք չենք կարող դրանց այնքան ժամանակ հրաժարվել, քանի դեռ գլխավոր դատախազը հայցով մտնում է դատարաններ եւ պահանջում է այնպիսի խնդիրների լուծում, որոնց առկայության պայմաններում է, որ 2018-ը դարձավ իրողություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովը քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրեց, բայց այդպես էլ արդյուքն չտեսան, Քոչարյանն արձագանքեց. «Թող գնա կարդա, ո՞վ է իրեն խանգարում: Ամեն անգամ, գալիս է մի հատ «ծիկ. Է անում, որպեսզի աշխատավարձը չկտրեն ու անհետանում է: Դրված է զեկույցը համապատասխան գաղտնիության միջավայրում: Ոչ մեկին, որն ունի գաղտնիության թույլտվություն, խոչընդոտ չկա, կարող են գալ, ծանոթանալ, լսել: Այնտեղ շատ ձայնագրություններ կան, որոնք պարոն Վարդանյանի համար շատ ուսանելի կլինեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Հայաստանը Ֆրանսիայից անպիտան զենքեր է ստացել, ԱԺ պատգամավորն ասաց. «Տիկին Զախարովային չեմ ուզում մեկնաբանել. Պիտանի է, թե անպիտան, դա որոշվում է մեր համապատասխան կառույցների եւ նրանց մասնագիտական թիմերի կողմից: Չեմ կարծում, որ մենք կխախտենք մեր հիմնական նպատակը՝ ձեռք բերել այնպիսի զենքեր, որոնք լինեն ոչ միայն նոր, այլեւ խիստ պիտանի եւ միտված լինեն ապագայում մեր անվտանգության համակարգը քայլեր առաջ ուժեղացնելուն: Չէ՞ որ մենք Ռուսաստանից նաեւ պիտանի զենքեր ենք խնդրել, նույնիսկ կանխավճար ենք մուծել: Լավ կլինի, որ տիկին Զախարովան, եթե ֆրանսիական համապատասխան պայմանագրերը համարում է անպիտան, մեզ աջակցեն, որ մենք ռուսական պիտանի, ժամանակակից եւ մեզ համար ցանկալի զենքերը օր առաջ հասնեն Հայաստան»:

news.am

Պիտակ