Հունիս 30, 2024 16:35 Asia/Tehran
  • Սպիտակ տան «խոհանոցային կաբինետը» կարող է Բայդենին համոզել՝ դուրս գալ ընտրապայքարից. Axios

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ամենամերձավոր շրջապատը՝ կինը, ընկերներն ու խորհրդականները, կարող են համոզել նրան հրաժարվել նոյեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելուց՝ պայմանավորված իր մրցակից Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում անհաջող ելույթով. այս մասին գրում է ամերիկյան Axios հրատարակությունը։

Միակ տարբերակը, որի դեպքում Բայդենը դուրս կգա նախագահական մրցապայքարից, այն է, եթե նրա ամենամերձավոր շրջապատը, որը նախկինում նպաստել էր  նրա առաջադրմանը, որոշի, որ ժամանակն է հայտարարել հեռանալու մասին, ընդգծում է Axios-ը։

Այս շրջապատում, ըստ լրագրողների, ընդգրկված են առաջին տիկին Ջիլ Բայդենը, նախագահի կրտսեր քույրը՝ Վալերի Բայդենը, վաղեմի ընկեր և մշտական խորհրդական Թեդ Կաուֆմանը, ինչպես նաև Սպիտակ տան խորհրդականների մի փոքր խումբ։

«Դա խոհանոցային կաբինետ է, որը գոյություն ունի տասնամյակներ շարունակ։ Միայն այս մարդիկ են ազդում Բայդենի անձնական կյանքի և նախագահության մեծ և փոքր որոշումների վրա», - նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ղեկավարին մոտ կանգնած աղբյուրները:

Բայդենի և Թրամփի հեռուստաբանավեճից հետո քննարկումներ են սկսվել դեմոկրատ թեկնածուին փոխարինելու հնարավորության շուրջ։ Միաժամանակ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա՞ այլ թեկնածու առաջադրել օգոստոսին կայանալիք համագումարից առաջ կամ դրա ընթացքում։

The New York Times թերթի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել ընտրարշավին հետագա մասնակցությունից և տեղը զիջել ավելի «եռանդուն» թեկնածուին։

Մինչդեռ  բարձրաստիճան դեմոկրատները հրապարակավ հայտարարել են, որ սատարում են 81-ամյա Բայդենին և պայքարելու են նրա հաղթանակի համար։ Նրա շտաբի պաշտոնական ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ նախագահը մտադիր չէ դուրս գալ պայքարից։

Ինքը՝ Բայդենը, խոստովանել է, որ լավ հանդես չի եկել բանավեճում, սակայն հասկացրել է, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։

«Ես գիտեմ, որ այլևս երիտասարդ չեմ: Գիտեմ, որ նախկինի պես հեշտ չեմ քայլում, նախկինի պես պարզ չեմ խոսում, նախկինի պես լավ չեմ բանավիճում, բայց գիտեմ, թե ինչպես պետք է ասել ճշմարտությունը», - ասել է նա աջակիցներին Հյուսիսային Կարոլինայում քարոզարշավի ժամանակ:

 

Պիտակ