Փաշինյանը հասկանում է դա. Էրդողանը` Հարավային Կովկասում հաստատվող նոր կարգի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է դա:
Թուրք առաջնորդն այդ մասին ասել է Իրաքից վերադառնալիս` ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին:
«Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Եկել է ժամանակը, որ մի կողմ դրվեն անհիմն հիշողությունները: Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հենվել շինծու պատմությունների վրա, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Հիմա դա հասկացել է նաև Փաշինյանը»,-ասել է Էրդողանը։
Էրդողանը, «շինծու պատմություններ» ասելով, նկատի ունի Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որը ճանաչվել և դատապարտվել է մի շարք համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից։
Նրա խոսքով՝ պատմաբաններն առաջինն են սկսում վերլուծել, թե ինչ է եղել անցյալում։
«Մենք հենց սկզբից բացահայտ խոսեցինք այդ մասին և հայտարարեցինք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք դա արեցինք։ Հիմա եկել է իրատեսական հիմքի վրա նոր ճանապարհային քարտեզ ստեղծելու ժամանակը»,-հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի վաղվա պայծառ օրվա համար նոր սկիզբ ստեղծելու ուղին», և «նոր դարաշրջան կսկսվի»:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հունվարին Մոսկվայում կայացավ նրանց առաջին հանդիպումը։
2023 թվականի նոյեմբերին ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը, որը գործում էր խորհրդային շրջանում, գրեթե զրոյից վերակառուցվել է։ Նրա խոսքով՝ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար կկարողանա գործել ցամաքային սահմանի բացման մասին պայմանավորվածության իրագործումից հետո: