Հունիս 07, 2024 18:31 Asia/Tehran
  • Կազմակերպվել է «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով աշխատաժողով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հունիսի 7-ին կազմակերպել է «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով միջազգային աշխատաժողովը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում։

2021 թվականին ձևավորված գիտահետազոտական խմբում ընդգրկված են Հայաստանի առաջատար արևելագետները՝ Նազելի Նավասարդյանը, Ռուբեն Մելքոնյանը, Նաիրա Սահակյանը, Արաքս Փաշայանը, Վարդան Ոսկանյանը, Վարուժան Գեղամյանը և Վահրամ Տեր-Մաթևոսյանը (ղեկավար)։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Թեհրանի համալսարանի առաջատար թուրքագետներ և կովկասագետներ, ինչպես նաև հայաստանյան բուհերի գիտնականներ և ուսանողներ։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են թիմի իրականացրած հետազոտության միջնաժակմետ արդյունքները և ապագա անելիքները։

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի հարակից չորս երկրներում իսլամն ու ազգայնականությունը վերածվել են քաղաքական, հասարակական, կրթական ու տնտեսական համակարգերը ձևավորող երկու գերակա գաղափարախոսական ուղենիշների, որոնք ոչ միայն արագ կերպափոխվում են, այլև էապես ձևափոխում ինքնության և հանրային փոխհարաբերությունների հարացույցերը: Առանց նշված խնդիրների և այդ ուղղությամբ առկա միտումների ամբողջական և համապարփակ ուսումնասիրության՝ անհնար է հասկանալ և գնահատել ՀՀ հարևանությամբ տեղի ունեցող բազմաշերտ կրոնաքաղաքական գործընթացների դինամիկան և հեռանկարները։

Աշխատաժողովի ընթացքում խմբի անդամները և հրավիրված բանախոսները քննարկել են Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական, հասարակական և մշակութային համակարգերում իսլամի և ազգայնականություն համադրմանը, համակեցությանն ու փոխազդեցությանը վերաբերող հարցեր։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև հետազոտական թիմի հետագա անելիքները՝ մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսված ասպիրանտների ընդունելության կազմակերպման կարգը։

 

Պիտակ