ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է Իրաքում անվտանգության հաստատման և պահպանման անհրաժեշտությունը
(last modified Wed, 30 Nov 2022 05:13:03 GMT )
Նոյեմբեր 30, 2022 08:43 Asia/Tehran
  • ԻԻՀ գերագույն առաջնորդն ընդգծել է Իրաքում անվտանգության հաստատման և պահպանման անհրաժեշտությունը

Երեքշաբթի օրն Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ընդգծել է, որ Բաղդադը պետք է իր իշխանությունը հաստատի երկրի ողջ տարածքում և թույլ չտա Իրաքի հողն օգտագործել Իրանի դեմ: Առաջնորդը նշել է. «Եթե որևէ կողմ սպառնա Իրաքի անվտանգությանը, մենք մեր կուրծքը վահան կդարձնենք և կպաշտպանենք Իրաքը»:

Առաջնորդի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Այաթոլլահ Խամենեին շնորհավորել է պարոն Շիա Ալ-Սուդանիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նրան բնութագրելով որպես հավատացյալ և կարողություններով լի  անձնավորություն, ում ներկայությունը կառավարության ղեկավարի պաշտոնում, ուրախալի է:

 

Գերագույն առաջնորդը նշել է, որ Իրաքի առաջընթացը և բարձր դիրքը բխում են Իրանի շահերից, հավելելով. «Մենք հավատում ենք, որ Դուք այն մարդն եք, ով կարող է զարգացնել Իրաքի հարաբերությունները և առաջ տանել գործերն ու երկիրը հասցնել իր քաղաքակրթությանն ու պատմությանն արժանի անկախ դիրքի»: 
Նշելով, որ Իրաքը տարածաշրջանի լավագույն արաբական երկիրն է՝ մարդկային ռեսուրսների,   մշակութային, պատմական և քաղաքակրթական տեսանկյունից, առաջնորդը հավելել է. «Ցավոք, այդ ամենով հանդերձ, Իրաքը չի կարողացել հասնել իր իրական ու բարձր դիրքին և հույս կա, որ դա տեղի կունենա ձեր ներկայությամբ»: 

 

Առաջնորդն ասել է, որ իր իրական դիրքին հասնելու համար, Իրաքին անհրաժեշտ է երկրի ներքին բոլոր կառույցների միասնականությունն ու համախմբվածությունը, հավելելով. «Այդ առաջընթացի համար անհրաժեշտ է նաև առավելագույնս օգտվել երիտասարդ ու մոտվիացաված երիտասարդների հնարավորություններից»: 
Այաթոլլահ Խամենեին նշել է. «Իհարկե կան թշնամիներ, որոնք դեմ են Իրաքի առաջընթացին: Նրանք գուցե առերևույթ դա ցույց չտան, սակայն դեմ են այնպիսի կառավարության, ինչպիսին Ձերն է և Դուք պետք է ամուր կանգնեք հակառակորդի կամքի դեմ՝ ապավինելով ժողովրդի և մոտիվացված երիտասարդների ուժերին, ովքեր անցել են իրենց փորձությունը ԻԼԻՊ-ին դիմակայելիս»:     
Առաջնորդը նշել է, որ տնտեսական, սպասարկման ոլորտներում  և նույնիսկ վիրտուալ միջավայրում Իրաքի զարգացման և կառավարության դրական կողմերը ժողովրդին ներկայացնելու համար անհրաժեշտ է օգտվել երիտասարդների հսկայական հնարավորություններից, որպես կառավարության իրական զորք:

 

Այդ աջակցության շնորհիվ, և օգտագործելով երկրի ռեսուրսներն ու ֆինանսական հնարավորությունները Իրաքի նոր կառավարությունը կարող է իրականացնել լուրջ փոփոխություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու ոլորտում:  
Անդրադառնալով Իրաքի վարչապետի այն հայտարարությանը, որ Բաղդադը որևէ կողմի թույլ չի տա երկրի տարածքն օգտագործել Իրանի անվտանգությունը խաթարելու համար, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Ցավոք սրտի, այս պահին դա տեղի է ունենում Իրաքի որոշ շրջաններում, և միակ լուծումն այն է, որ երկրի կենտրոնական կառավարությունն իր լիազորությունները տարածի նաև այդ տարածքներում»:
Նա հավելել է. «Իրաքի անվտանգության վերաբերյալ մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ որ եթե որևէ կողմ մտադիր է խաթարել Իրաքի անվտանգությունը, մենք մեր կուրծքը վահան կդարձնենք ու կպաշտպանենք Իրաքը»։
Նշելով, որ Իրաքի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է, ինչպես որ Իրանի անվտանգությունն ազդում է Իրաքի անվտանգության վրա, Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է երեքշաբթի օրը Թեհրանում Իրաքի վարչապետի հանդիպումներին և հավելել. «Նախկինում նույնպես արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, սակայն դրանք չեն հասել իրագործման փուլին: Ուստի պետք է շարժվել հատկապես տնտեսական համագործակցության, ապրանքների փոխանակման և երկաթուղային հաղորդակցության ոլորտում բոլոր պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ»: 

 

Անդրադառնալով Իրանի և Իրաքի միջև համագործակցությանը և փոխըմբընռմանը վնասելու որոշ ջանքերին, առաջնորդն ասել է, որ դրանք պետք է հաղթահարվեն գործողություններով: 
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Իրաքի վարչապետ Շիա Ալ-Սուդանին, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական և պատմական հարաբերություններին, ասել է. «Իրանի և Իրաքի միասնականության վառ օրինակն ԻԼԻՊ-ի դեմ պատերազմն էր, որտեղ իրանցիների ու իրաքցիների արյունը խառնվել էր մեկ խրամատում»:

Հարգելով նահատակներ գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդիսի հիշատակներն Իրաքի վարչապետը նշել է, որ Դիմադրության այս երկու պատվավոր նահատակներն Իրանի և Իրաքի ժողովուրդների միասնականության մյուս օրինակն են: Նշելով, որ Իրաքի նոր կառավարությունը վճռական է` կյանքի կոչելու երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդլայնելու բազմակողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում, ալ-Սուդանին ասել է. «Իրանի և Իրաքի անվտանգությունն անքակտելի է և ըստ Սահմանադրության՝ մենք թույլ չենք տա որևէ կողմի՝ Իրաքի տարածքն օգտագործել անվտանգության դեմ»։

Պիտակ