Իսլամական հեղափոխության առաջնորդը Նովրուզի ուղերձում 1402 թ. «Գնաճի զսպման և արտադրության աճի» տարի է հռչակել. Տնտեսությունը երկրի գլխավոր խնդիրն է
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին արեգակնային հիջրեթի 1402 թվականի կապակցությամբ հղած ուղերձում, շնորհավորել է Իրանի ժողովրդին և բոլոր այն ազգերին, ովքեր նշում են Նովրուզը և երկրի անցած տարվա կարևորագույն խնդիրը համարել է տնտեսությունն ու ժողովրդի կենսապահովման հարցը, և ընդգծելով, որ այս տարի ևս երկրի գլխավոր խնդիրը տնտեսությունն է, 1402-ի կարգախոսը հայտարարեց «գնաճի զսպում և արտադրության աճ»:
Ըստ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ տնտեսական խնդիրները միայն Իրանին չեն առնչվում, այլ գրեթե բոլոր երկրները, այդ թվում՝ ուժեղ և զարգացած տնտեսություններ ունեցող երկրները, տառապում են տնտեսական խնդիրներից և նույնիսկ բանկերի սնանկությունից և արտառոց պարտքերից: Մեծարգո առաջնորդն ասել է, որ պետական պաշտոնյաները, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և մշակութային ակտիվիստները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի այս տարին դառնա քաղցր տարի Իրանի ժողովրդի համար՝ նվազեցնելով դառնությունը և ավելացնելով հաջողությունները:
1402 թվականի վերաբերյալ նա նշեց.«Այս տարվա երկրի գլխավոր խնդիրը տնտեսությունն է: Իհարկե, դա չի նշանակում, որ այլ ոլորտներում խնդիրներ չկան։ Երկրում կան տարբեր մշակութային և քաղաքական խնդիրներ, բայց եթե կառավարությունը, խորհրդարանը, տնտեսական ակտիվիստները, երիտասարդ ու մոտիվացված խմբերն իրենց ուժերը ներդնեն ժողովրդի խնդիրները լուծելու համար, շատ այլ խնդիրներ նույնպես կլուծվեն»։
Իսլամական հեղափոխության առաջնորդը մատնանշել է. «Արտադրությունից բացի, մյուս գլխավոր հարցերից է ներդրումը, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնեն պետական պաշտոնյաները և մասնավոր հատվածը»։
Նա հավելեց, որ հաշվի առնելով այս բոլոր ասպեկտները, հատկապես գնաճը որպես հիմնական խնդիր և արտադրությունը՝ որպես երկիրը տնտեսական խնդիրներից փրկելու բանալիներից մեկը, հայտարարում է 1402 թվականի կարգախոսը՝ «գնաճի զսպում և արտադրության աճ»։
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. «Երկրի պաշտոնյաներն ու տնտեսական, մշակութային և հանրաճանաչ ակտիվիստները, ինչպես նաև մշակույթ ստեղծող ռադիո-հեռուստատեսությունը պետք է իրենց ողջ ուժերը ներդնեն այս երկու խնդիրների՝ առաջին հերթին գնաճը զսպելու և նվազեցնելու, իսկ երկրորդ հերթին՝ արտադրության աճի նպատակով հիմք ապահովելու վրա»: