Պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյան. Իմամ Խոմեյնու ղեկավարությամբ իսլամական հեղափոխությունը նոր էջ բացեց մարդկության առջև
20-րդ դարի երկրորդ կեսում և, հատկապես, վերջին քարորդում, իսլամական խմբավորումների թիվը կտրուկ աճեց: Այդ իրողության բազմաթիվ պատճառներից առանձնահատուկ դեր ուներ 1948թ.-ից սկսած արաբա-իսրայելական կոնֆլիկտը, ինչպես նաև գերտերությունների ազդեցությունն այդ գործընթացում:
Մյուս կողմից, դարավերջին միգրացիոն հոսքեր ձևավորվեցին, և հսկայական քանակի մուսուլմաններ սփռվեցին աշխարհով մեկ՝ Եվրոպա, ԱՄՆ, Ավստրալիա և այլն: Իր հերթին, ԽՍՀՄ-ի լճացման ու քանդման հետևանքով պակասեց մուսուլմանական աշխարհի վրա գործադրվող ճնշումը, և մուսուլմանական միջավայրում իսլամական գաղափարների շարժ սկսվեց: 1979թ. ԽՍՀՄ զորքերը Աֆղանստան մտան, և նույն թվականին Իրանում տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը Իման Խոմեյնու ղեկավարությամբ: Հեղափոխությունից հետո իրանական նոր ինքնության հիմք ընդունվեց շիական իսլամը: