Հունիս 11, 2023 19:47 Asia/Tehran
  • Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի միօրյա  ուխտագնացությունը

Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքի միօրյա ուխտագնացությունը:

Իրանում՝ Դարաշամբի դարավոր Ս.Ստեփանոս Նախավկայի վանքի տարեկան ուխտագնացությունը այս տարի  տեղի ունեցավ հունիսի 10-ին:   Քովիդ-19 համաճարակի պատճառով  դադարեցվել էր տարեկան  ուխտագնացությունը, որը այս տարի հազար փառք Ամենակալին իրականություն դարձավ, Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճյանի և Թեմական խորհրդի տնորինությամբ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսավոր սուրբ պատարագ

Առավոտյան ժամը 11-ին, հանդիսավոր թափորը, գլխավորությամբ պատարագիչ Սրբազան Հոր, ծայր առավ վանահոր խուցից, և նախկին Դպրևանքի շրջափակից անցնելով հասավ սուրբ տաճար: Սրբազան Հորն առընթերակա էր կանգնել Թավրիզի Հոգևոր հովիվ՝ արժ. Տ. Մարտիրոս քհն. Ղուկասյանը: Եկեղեցական երգեցողությունը կատարվեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարությամբ երաժիշտ խմբավար Վարդան Վահրամյանի:

«Հրաշափառ» շարականի երգեցողությամբ տաճար մուտք գործելով, Սրբազան Հայրը սկսեց սուրբ պատարագին, հրապարակային խոստովանանքով:

Սուրբ պատարագին ներկա գտնվեցին հավատացեալներ, գլխավորաբար Թավրիզից և Ուրմիաից ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ շրջաններից: Պաշտոնական հրավիրյալների շարքում էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, Ս. Նախավկայի վանքի ազգային պատգամավոր Գագիկ Յարությունյանը, Պատգամավորական ժողովի և Թեմական խորհրդի անդամներ, Փոքրամասնության գրասենյակի պատասխանատուներ, Կապանում ԻԻՀ  հյուպատոս՝ Աբեդինին, Մեղրիի քաղաքապետ՝ Զաքարյանը և  նրանց ընկերակցող զույգ պատվիրակություններ, առաջնորդությամբ Իրան-Հայաստան կապի պատասխանատուի:

«Հայր մեր»-ից առաջ, Սրբազան Հայրը տվեց իր պատգամը, խորը ապրումներով փառաբանություն ընծայելով Աստծուն. «Հազար փառք և գոհություն Ամենակալ Աստծուն, որ աշխարհացունց համաճարակից հետո, առաջին անգամ լինելով սուրբ պատարագ ենք մատուցում Ս. Նախավկայի տաճարում: Երկար ամիսներ ամայացավ այս վանքը, նույնիսկ արձակուրդ օրերի իր այցելուներից, երբ պետական հրահանգով, առողջապահական զգուշավորության պայմաններից ելնելով, փակվեցին այս սրբավայրի դռները բոլոր այցելուների դիմաց: Երեք տարիներ առաջ մեր մատուցած սուրբ պատարագին, մեզ հետ աղոթակից էին անձեր մեր համայնքից, որոնք առհավետ բաժանվել են մեզանից և մյուս կյանքի բնակիչներ են արդեն…»,- ասաց Սրբազան Հայրը, աղոթք բարձրացնելով առ Աստված և'  նրանց հոգիների խաղաղության և'  աշխարհում բոլոր հիվանդների կատարյալ առողջության համար:

Սրբազան Հայրը ուխտավոր ժողովրդին ուղղելով ի խոսքը, աղոթալից բառերով խնդրամատույց եղավ առ Աստված, որ բոլորի աղոթքը լսի, «որովհետև այս սրբավայրի սրբատաշ քարերը միշտ օծուն են եղել հավատացյալների աղոթքով, Մաղար­թայ սարերից բարձրանալով մինչև երկնքի դռները: Այս վանքում վանական հայրեր ձեռագիր մատյաններ են հեղինակել ու ընդօրինակել, որոնցից  ընդամենը  մի  օրինակ  կա  այսօր աշխարհում: Այսօր, ձեր աղոթքը միախառնվում է նրանց աղոթքին և բոլորս միասին զորանում ենք մեր հավատքի մեջ»,- ասաց Սրբազան Հայրը, հիշելով, որ քրիստոնեական հավատքի համար նահատակված առաջին վկան է Ս. Ստեփանոսը, որի երկրավոր կյանքն ավարտվեց խելագար ամբոխի կողմից արձակված քարերի տարափի տակ:

Իր քարոզի ավարտին Սրբազան Հայրը գնահատեց Ռազմիկ Դիլանյանին, որը անցնող շուրջ 25 տարիներին, ամեն օր ներկա է գտնվել Սուրբ Ստեփանոսի վանքում, այցելուներին բացատրություն տալու վանքի պատմության և փառավոր անցյալի մասին:

Սրբազան Հայրն ողջունեց ԻԻՀ  Կապանի հյուպատոսի ներկայությունը, և այս առիթով ազգային իշխանության անունից հուշանվեր հանձնեց նրան: Նույնպես գնահատելի համարելով Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հոգածու մոտեցումը Ատրպատականի հայոց թեմին, նրան և պարգևատրեց հուշանվերով: Վերջապես Սրբազան Հայրը բարձր գնահատեց Իրան-Հայաստան կապի պատասխանատու Նազիֆի գործունեությունը, նրան հանձնելով  հուշանվեր՝  Թեմական խորհրդի անունից:

Այս առիթով Սրբազան Հայրն իր շնորհակալությունը հայտնեց ԻԻՀ պատասխանատուներին, Արևելյան Ատրպատականի նահանգապետին, կուսակալին, Արաքսի ազատ գոտու պետական պատասխանատուներին, փոքրամասնության գրասենյակին, Իրանի եկեղեցիների պահպանման կենտրոնին, Իրան-Հայաստան կապերի վարչության, որոնք Հայաստանից հյուրեր էին բերել իրենց հետ, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց թեմի բոլոր ազգային կառոյցներին:

Սուրբ պատարագից հետո, ուխտավորները շրջագայեցին ե՛ւ ցուցասրահում ե՛ւ վանքի թանգարանում գտնվող պատմարժեք իրերը դիտելու, ինչպես նաև վանական վերանորոգված խուցերում լինելով, տեսնելու այն հսկայական աշխատանքը, որը կատարվում է, պատմական անցյալ ունեցող սույն կառոյցը՝ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը պահպանելու համար:

 

Պիտակ