Մարտ 14, 2017 19:29 Asia/Tehran
  • Ռուս-թուրքական հաշվենկատ խաղերը, Թրամփի դերն ու քրդական գործոնը

«Թուրքիան ծրագրում է ռազմարշավ ձեռնարկել Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդերի, սակայն Ռուսաստանը ցանկություն չունի վատթարացնել հարաբերությունները նրանց հետ: Կա նաեւ Թրամփի գործոնը»,- Die Welt հանդեսում գրում է Յուլյա Սմիռնովան:

«Նախագահ Էրդողանի ռազմական օպերացիայի հաջորդ թիրախը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 40 կմ հեռավորության վրա: Դա Մանբիջ քաղաքն է, որը 2016թ.-ին ազատագրվեց «Իսլամական պետության» զինյալներից եւ մինչ օրս գտնվում է քրդական ռազմական ստորաբաժանումների վերահսկողության տակ: Քաղաքի արեւմտյան սահմաններից ոչ հեռու կանգնած է թուրքական բանակը՝ դաշնակից ապստամբների հետ միասին: Նրանց գրոհը կասեցվեց երկու այլ պետությունների կողմից, որոնք նույնպես համարվում են Թուրքիայի դաշնակիցները: ԱՄՆ-ն քաղաք ուղարկեց 500 զինծառայողի, իսկ հարավից քաղաքին մոտեցան Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական բանակային ուժերը: Թուրքական կառավարության ղեկավար Բինալի Յըլդըրըմը ստիպված էր հայտարարել, որ Թուրքիան առանց ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համաձայնության զերծ կմնա այդ շրջանում ռազմական գործողություններից»,-նշվում է հոդվածում:

«Ռուսաստանը եւ Թուրքիան տարբեր շահեր եւ տարբեր դաշնակիցներ ունեն Սիրիայում: Երբեմն այդ երկրները գործում են միմյանց դեմ, միեւնույն ժամանակ ամեն կերպ փորձում են թույլ չտալ այնպիսի կոնֆլիկտ, ինչպիսին եղավ 2015թ.-ի աշնանը՝ ռուսաստանյան օդանավի կործանումից հետո: Մոսկվան եւ Անկարան այլ ելք չունեն եւ ստիպված են հարցերը կարգավորել երկխոսությամբ»:

«Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերություններն առաջնահերթ են: Սակայն Մոսկվան չի ցանկանում փչացնել հարաբերությունները քրդերի հետ: Քրդական գործոնը Ռուսաստանի համար հաղթաթուղթ է, որը կարելի է հանել թեւնոցից ճգնաժամային իրավիճակներում »,-կարծիք է հայտնել Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Լեոնիդ Իսաեւը:

«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս պնդել է, որ քրդերը պետք է անպայման ներկայություն ունենան բանակցությունների սեղանի շուրջ, իսկ սիրիական ապագա սահմանադրության նախագծով, որն առաջարկել է Մոսկվան, նախատեսված է քրդական ինքնավարության ստեղծում»:

«Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո երկու երկրների դիվանագետները ջանք չխնայեցին, որպեսզի հնարավորինս արագ կերպով մեղմեն իրավիճակի լարվածությունը: Միջադեպից որոշ ժամանակ անց ՌԴ օդուժը պատահաբար հրթիռակոծեց թուրքական բանակի դիրքերը, սպանվեց 3 թուրք զինվորական: Պուտինը զանգահարեց Էրդողանին եւ ցավակցություն հայտնեց: Երկու կողմերն էլ այսօր կարիք ունեն կանխատեսելի եւ համակարգված գործողությունների: Թուրքական իշխանությունների համար առաջին հերթին դա կարեւոր է այն պատճառով, որ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից եւ նախագահական կառավարման շրջանից առաջ ի ցույց դնի իր հաջողությունները»:

«Ռուսաստանցի փորձագետների կարծիքով, ռուս-թուրքական միության ամրությունը կախված է իրավիճակից, նաեւ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից: Կգնա՞ արդյոք  ԱՄՆ նախագահը ռուսների եւ քրդերի հետ գործարքի, թե՞ կկանգնի Թուրքիայի կողքին: Սպիտակ տան այդ որոշումն անշուշտ կազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա»:

«Խորհրդավորությամբ են պատված նաեւ Թրամփի եւ Պուտինի անձնական հարաբերությունները: Եթե քաղաքական այդ գործիչների միջեւ մերձեցում նկատվի, Պուտինն էլ ավելի  շատ կձգտի իր կողմը գրավել Էրդողանին՝ Արեւմուտքի դեմ դաշնակցի կարգավիճակում: 2016թ.-ի ամռանը Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձից հետո ՌԴ նախագահը շտապեց համերաշխություն հայտնել թուրք գործընկերոջը՝ նրան ցույց տալով, որ Մոսկվան Անկարայի համար ավելի հավատարիմ ընկեր է, քան Արեւմուտքը»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Die Wel

Պիտակ