Սեպտեմբեր 23, 2017 16:45 Asia/Tehran
  • Քրդական հանրաքվեն՝ վեճի առիթ ԱՄՆ-ի եւ նրա հին դաշնակիցների միջեւ

«Մերձավոր Արեւելքում վերջին տասնամյակում պարբերաբար բռնկվող պատերազմում ամերիկացիների հզոր դաշնակիցների՝ իրաքյան քրդերի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները սպառնում են հանգեցնել բախումների, թեեւ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում դա կանխելու համար»,-գրում են Կարեն Դեյանգը եւ Թամեր էլ-Գոբաշին The Washington Post հանդեսում:

 

«Երկուշաբթի Իրաքյան Քուրդիստանում տեղի կունենա անկախության հանրաքվե, ինչը, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների կարծիքով, արդեն խարխլել է «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմքերը եւ կարող է քրդական տարածաշրջանին զրկել տնտեսական անկախությունից: Նկատելի է ԱՄՆ-ի՝ քրդերի վրա ազդեցություն գործելու եզակի անկարողությունը»:

«Թեեւ առաջիկա քվեարկության արդյունքները կյանքի կոչման համար պարտադիր չեն, հանրաքվեի մասին հայտարարությունները, ըստ արեւմտյան երկրների պաշտոնյաների, կարող են աղետալի հետեւանքներ ունենալ»:

«Եթե այդ հանրաքվեն անցկացվի, քիչ հավանական է, որ Բաղդադի հետ բանակցությունները տեղի ունենան, իսկ բանակցությունների աջակցության միջազգային առաջարկները կբացառվեն: Քվեարկության գինը բարձր է, մասնավորապես, վտանգի տակ կհայտնվեն Իրաքյան Քուրդիստանի առեւտրային հարաբերությունները եւ միջազգային աջակցությունը»,-նշվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Թրամփի աշխատակազմից հայտնել են, որ հանրաքվեն զգալիորեն կթուլացնի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի դիրքերը: Իսկ ամերիկացիները նրան դիտարկում են որպես առաջնորդ, ով հակված է հաշտեցման եւ քրդերի լիակատար ինքնավարության հարցով բանակցություններում լավագույն գործընկեր է հանդիսանում»:

«Եթե անկախության հարցին լրջորեն մոտենանք, դա ամեն ինչ բարդացնում է: Հանրաքվեի ժամկետի ընտրությունն անհեռատես քայլ էր»,-ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը:

«Ամերիկացիները նաեւ նյարդայնացած են, քանի որ կարծում են, որ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի՝ այդ հանրաքվեն անցկացնելու վճռականությունն ընդամենը քրդերի շրջանում իր քաղաքական դիրքերը բարելավելու փորձ է՝ ազգայնական խաղաքարտերի խաղարկման միջոցով»,-գրում է պարբերականը:

Աղբյուր՝ The Washington Post

Պիտակ