Դեկտեմբեր 14, 2017 12:01 Asia/Tehran
  • Թրամփը մատը տարել է բզեզի բույնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը` ճանաչելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք: Թրամփի հայտարարությունը, սակայն, իրար է խառնել ողջ արաբական աշխարհը: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում, Թրամփը մատը տարել է բզեզի բույնը:

Գազայի սեկտորը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն արդեն հայտարարել է պաղեստինյան 3-րդ ինտիֆադայի` Իսրայելի դեմ ուղղված պատերազմի մեկնարկի մասին: Արաբական և մահմեդական մյուս երկրները դեռևս սահմանափակվում են հայտարարություններով: Թուրքիայի նախաձեռնությամբ ընթացող Իսլամական համագործակցության երկրների արտահերթ համաժողովում մահմեդական երկրները քննարկել են, թե ինչպես են պատասխանելու Թրամփի գործողություններին: Մասնագետների կարծիքով, սակայն, մահմեդական երկրները դժվար թե մեկ ընդհանուր հայտարարի գան և կբավարարվեն կոշտ հռետորաբանությամբ: Կոչերով ամփոփվեց նաև Արաբական երկրների լիգայի հանդիպումը: Արաբական երկրները որոշեցին հարցը տեղափոխել ՄԱԿ-ի հարթություն. փորձելու են հասնել դատապարտող բանաձևի ընդունման ՄԱԿ-ի կողմից: ԱՄՆ-ին կոշտ արձագանք տալու է Իրանը, որը ոչինչ չունի կորցնելու, առանց այդ էլ լարված են երկու երկրների հարաբերությունները: Ի տարբերություն Իրանի, մահմեդական երկրների մեծամասնությունը տնտեսական ու քաղաքական շահերով կապված է ԱՄՆ-ի հետ և չի ցանկանում վտանգել այդ հարաբերությունները: Անգամ Թուրքիան, որը կոշտ հռետորաբանությամբ է հանդես գալիս և կոչ է արել Արևելյան Ղոդսը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք, հայտարարել է, որ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխվելու դեպքում կխզի դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ, բայց ոչ ԱՄՆ-ի:

Միաժամանակ Թրամփի հայտարարությունը սողանցք ունի, որն արաբական և մահմեդական երկրներին հռետորաբանության առումով լայն հնարավորություններ է տալիս: Ժամկետ չի սահմանվել, թե երբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս կտեղափոխվի, ինչը հնարավորություն է տալիս հնչող սպառնալիքների իրագործումը հետաձգել անորոշ ժամկետով: Սակայն իսրայելցի վերլուծաբանները վստահ են, որ կյանքի չի կոչվի նաև ՀԱՄԱՍ-ի պատերազմի սպառնալիքը:  Մասնագետների մի մասը կարծում է, որ Թրամփի որոշումը նվեր է ծայրահեղականների համար: ՀԱՄԱՍ-ը դեկտեմբերի 14-ին նշելու է իր հիմնադրման 30-ամյակը: Ըստ կանխատեսումների` հակաիսրայելական գործողություններ կլինեն թե՛ այս տարվա, թե՛ հաջորդ տարվա ընթացքում: Պետք է նշել, որ ԱՄՆ-ի գործողություններն այս անգամ դատապարտել են եվրոպական երկրները, այդ թվում և նրա ավանդական դաշնակիցներ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Թրամփի որոշման հնարավոր ազդեցությամբ: Իսկ Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը մտավախություն են հայտնել, որ Թրամփի հայտարարությունը կարող է սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Միակ երկիրը, որ ողջունել է Թրամփի գործողությունները, Իսրայելն է: Այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք հետագայում էլ կշարունակեն համագործակցել ԱՄՆ-ի հետ` իսրայելա-պաղեստինյան խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Նա նաև մյուս երկրներին է կոչ արել հետևել ԱՄՆ-ի օրինակին:

Ankakh.com

Պիտակ