Ճապոնացիները դժգոհում են ԱՄՆ-ի հետ այդ երկրի կառավարության դաշինքից
(last modified Fri, 05 May 2023 07:57:06 GMT )
Մայիս 05, 2023 11:27 Asia/Tehran
  • Ճապոնացիները դժգոհում են ԱՄՆ-ի հետ այդ երկրի կառավարության դաշինքից

Հարավարևելյան Ասիայի որոշ կառավարությունների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշինքն առթել է այդ երկրների քաղաքացիների անհանգստությունն ու դժգոհությունը։

Ըստ Տոկիոյում լույս տեսնող «Ասահի» թերթի հարցման արդյունքների՝ ճապոնացիների 80 տոկոսը անհանգստացած է, որ իրենց երկիրը կարող է ներքաշվել Թայվանի շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր հակամարտության մեջ:

Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը պետք է սահմանափակեն իրենց դերը որպես Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում ԱՄՆ-ի բանակին աջակցող ուժեր:

Հարցվողները պատասխանել են այն հարցին, թե իրենց կարծիքով Ճապոնիան իր ազգային անվտանգությունն առաջնահերթություն տալու համար երկու մոտեցումներից ո՞րն է ճիշտ.

Խորացնե՞լ  Չինաստանի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները, թե՞ ամրապնդել պաշտպանական կարողությունները: 70 տոկոսը դրական է պատասխանել առաջին հարցին:

Չի կարելի անտեսել այն փաստը, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ ջանքեր է գործադրել Չինաստանին  սահմանափակելու համար՝ անօրինական պահանջներ ներկայացնելով Հարավարևելյան Ասիայի իր որոշ գործընկերներին, այդ թվում՝ Ճապոնիային, Հարավային Կորեային և Թայվանին: Վաշինգտոնը փորձում է  թշնամություն ստեղծել Հարավարևելյան Ասիայի կառավարությունների միջև և սահմանափակումներ ստեղծել Չինաստանի նման անկախ և զարգացող երկրի նկատմամբ:

Միևնույն ժամանակ, Տոկիոյի իշխանությունները պետք է իմանան, որ Սպիտակ տան քաղաքական գործիչները փորձում են իրենց պահանջները պարտադրել Չինաստանին՝ թշնամություն հրահրելով Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի կառավարությունների միջև՝ տարածաշրջանի ժողովուրդների հաշվին։

Երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները հասկացան Ուկրաինայի պատերազմում համագործակցության մեծացման կարևորությունը,  Սառը պատերազմի ավարտից հետո որպես Միացյալ Նահանգների ռազմական թև աշխարհի տարբեր տարածաշրջաններում կարևոր դեր կատարող այս դաշինքը փորձեց ամրապնդել իր ներկայությունը Ճապոնիայում, Հարավային Կորեայում և նույնիսկ Թայվանում։ Իսկ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը  կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը աշխարհի այս կարևոր տարածաշրջանում:

Մյուս կողմից՝ դեպի արևելք ընդլայնվելու ՆԱՏՕ-ի ցանկությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ աշխարհի ազգերի համար։

Միևնույն ժամանակ, նպատակ ունենալով հեշտացնել խորհրդակցությունները Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ն նախատեսում է վերաբացել իր գրասենյակը Ճապոնիայում:

Պետք է ասել, որ Ասիայում ՆԱՏՕ-ի գրասենյակների բացումը կարող է այդ երկրների համար սահմանափակումների և մշտական սպառնալիքների հիմք դառնալ, քանի որ դաշինքը գործում է Միացյալ Նահանգների հրահանգով և կարող է ռազմական գործողություններ իրականացնել Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում, երբ Միացյալ Նահանգները ցանկանա: