Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Թուրքիայի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն TGRT Haber հեռուստաալիքի հարցազրույցում նշել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին։
«Այն, ինչ մենք անվանում ենք Զանգեզուրի միջանցք, նախագիծ է, որը սկսվում է Բաքվից, անցնում Հայաստանի կամ Իրանի սահմանով, հետո անցնում է Նախիջեւանով, գնում Դիլուջու, Իգդիր եւ Կարս, իսկ հետո միանում Սիվասի գծին։ Շարունակվում են շինարարական աշխատանքները ավտոճանապարհին եւ երկաթուղում՝ Հայաստանի հետ սահմանին։ Մենք գիտենք հայկական կողմի հայտարարությունները, այդ թվում վարչապետի, բայց ուղիղ շփում չունենք։ Ադրբեջանը նրանց հետ ավելի սերտ բանակցություններ է վարում։ Ես գիտեմ, որ նրանք բանակցություններ են վարում նաեւ Իրանի հետ։ Այն հասել է որոշակի կետի։ Առաջիկայում կընդունվի որոշում՝ արդյո՞ք միջանցքը կանցնի Հայաստանով, թե՞ Իրանով։ Դա նախագիծ է, որը մեզ ուղիղ կկապի թյուրքական աշխարհի հետ»,- ասել է Ուրալօղլուն։ Նրա խոսքով՝ իր հիշատակած նախագիծը ավարտվելու է 2028-2029թթ.։
«Նախիջեւանի կողմից գոյություն ունի գիծ։ Առաջին հերթին այն կբարեկարգեն, իսկ հետո նորից կկառուցեն։ Տենդերներ են անցկացվել, բայց եթե այսօր սկսենք, ապա դա կտեւի մոտ 5 տարի։ Հավանաբար, մենք կտեսնենք, որ այդ գիծը կաշխատի 2028-2029թթ.»,- հայտնել է թուրք նախարարը։