Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3»-ն օգտագործել խաղաղության պայմանագիրն ավարտելու համար
(last modified 2024-10-18T15:08:26+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 18:38 Asia/Tehran
  • Երևանին և Բաքվին առաջարկել են «3+3»-ն օգտագործել խաղաղության պայմանագիրն ավարտելու համար

Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ կան նախագծեր, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակում։

Երևանին և Բաքվին առաջարկվել է «3+3» հարթակն օգտագործել խաղաղության պայմանագրի ուղղությամբ կատարվող աշխատանքն ավարտելու համար։ Այս մասին նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հիշեցրել ենք այն մշակումների ու նախածերի մասին, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակում, ինչպես նախագահների, այնպես էլ արտաքին գործերի նախարարների ու փոխվարչապետների մակարդակով` և՛ հաղորդակցությունների ապաշրջափակման, և՛ սահմանազատման նախապատրաստման և մի շարք այլ թեմաների շուրջ», – ասել է Լավրովը:

Հիշեցնենք` «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին։

Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։

«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվել է Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չի մասնակցում քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։