ՄԱԿ հատուկ զեկուցող․ Ավստրալիայի բնիկ ժողովուրդների նկատմամբ վերաբերմունքը հավասարազոր է ռասիզմին
ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների հարցերով հատուկ զեկուցողը ավստրալացի աբորիգինների ձերբակալությունների ալիքը «ցունամի» է անվանել։
Վիկտորիա Տաուլի Կորպուսի խոսքով՝ չնայած Ավստրալիայի բնիկներն ընդհանուր բնակչության ընդամենը երեք տոկոսն են կազմում, սակայն բանտերում նրանց թիվը կազմում է 27 տոկոս ու ավելի։ Իսկ ազատազրկված անչափահաս իրավախախտների շրջանում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ երեխաներն ու դեռահասները կազմում են 95 տոկոս։ Ընդ որում որպես կանոն նրանց պատիժը համազոր չէ մեղավորության աստիճանին։
Հատուկ զեկուցողի խոսքով, իրեն հատկապես մտահոգում է այն, որ ճաղերի ետեւում են հայտնվում մինչեւ 12 տարեկան իրավախախտները։ Վիկտորիա Տաուլի Կորպուսը համարում է, որ նման պրակտիկան ռասիստական բնույթ ունի ու անընդունելի է։ Միաժամանակ նա տպավորված է Ավստրալիայի բնիկների տոկունությունով ու ոգու ուժով, որոնք այս պայմաններում կարողանում են պահպանել ու ամրապնդել տեղական համայնքները։
News.am