Հոկտեմբեր 30, 2017 07:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի զինվորական պաշտոնյան հաստատել է, որ Վաշինգտոնն անկարող է կանխել Հյուսիսային Կորեայի հավանական հարձակումը

Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները վերահսկող ամերիկյան գաղտնի գործակալությունն առաջին անգամ բացահայտել է ԱՄՆ-ի դեմ Փխենյանի հավանական հարձակման ընթացքը:

«Սանդեյ Էքսպրես» բրիտանական օրաթերթը մի հաղորդման մեջ գրել է. «ԱՄՆ-ի ավիատիեզերային տեղեկությունների ազգային կենտրոնը ղեկավարող ավագ հրամանատար, գնդապետ Շոն Լարքինն ասել է, որ Փխենյանն ԱՄՆ-ի նահանգներից մեկին հարվածելու համար բավարար զենք ունի»:

Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի նահանգներից մեկը կարող է ենթարկվել Հյուսիսային Կորեայի  հարձակմանը, Լարքինն ասել է. «ԱՄՆ-ի 48 նահանգներ վտանգի տակ են գտնվում»:

«Եթե ամռանը փորձարկված Հյուսիսային Կորեայի հրթիռները ստանդարտ վիճակի բերվեն, կարող են կայծակնային հարձակման ենթարկել Կալիֆորնիա նահանգը»,-հայտարարել է գնդապետ Լարքինը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմամոլ հայտարարություններից հետո, ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունն առավել սրվել է:

Թրամփն անցած ամիս ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Հյուսիսային Կորեային լիարժեք ոչնչացմամբ սպառնաց:

Պաշտոնական Փխենյանը հայտարարել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կշարունակեն Հյուսիսային Կորեայի դեմ սպառնալիքներն, այդ երկիրը կշարունակի ամրապնդել իր պաշտպանական կարողությունները:

 

Պիտակ