Մարտ 24, 2016 14:41 Asia/Tehran
  • Պարզվել է ահաբեկիչներից երեքի ինքնությունը

Բելգիայի ոստիկանությունը պարզել է Բրյուսելի ահաբեկչության երրորդ մասնակցի ինքնությունը: Ամենայն հավանականությամբ, դա Նաջիմ Լաաշռաուին է, ով ռումբեր է պատրաստել 2015 թվականի նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչությունների համար:

Ինչպես հայտնել է RTBF հեռուստաընկերությունը, բելգիական ոստիկանությունը վարկածը գերակա է համարում: Լաաշռաուին փախել էր օդանավակայանից՝ պայթյունից անմիջապես հետո։ Ավելի վաղ պարզվել էր նաև Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություններն իրականացրած մահապարտների ինքնությունը: Բակաուրի եղբայրները տեղի ոստիկանության տեսադաշտում են եղել:

Միաժամանակ այսօր հրապարակվել են նոր տվյալներ Բելգիայի ահաբեկչությունների զոհերի վերաբերյալ: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, զոհվել է ոչ թե 34, ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այլ 31 մարդ: Վիրավորների թիվն անցնում է 250-ը:Բելգիայի ոստիկանությունը, սակայն, հայտնել է, որ զոհերի թիվը կարող է նաև աճել, քանի որ վիրավորների մի մասը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Բրյուսելի հասարակական տրանսպորտի աշխատանքը մասամբ վերականգնվել է, հիմնական երկաթուղային կայարանները գործում են, սակայն անվտանգության աննախադեպ միջոցառումները շարունակվում են. երկաթուղային կայարաններ կարելի է հասնել միայն մեկ՝ խիստ վերահսկվող մուտքով: Աշխատում է նաև Բրյուսելի մետրոյի 69 կայարան:

Այսօր, ի դեպ, պարզվել է, որ նախօրեին վնասազերծված մի քանի ռումբերից մեկը հաջողվել է հայտաբերել տաքսիստի օգնությամբ, որը ահաբեկիչներին հասցրել էր օդանավակայան: Տղամարդը պայթյուններից երկու ժամ առաջ կապ է հաստատել ոստիկանությւան հետ պատմել է, որ Սկարբեկի շրջանից հանցագործներին տեղափոխել օդանավակայան: Այնտեղ գտնվող բնակարանում իրավապահները վնասազերծել են պայուսակ՝ երեք ռումբերով:

Բելգիան, ողջ Եվրոպան և աշխարհը շարունակում է սգալ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի համար: Կարմիր, դեղին, սև. Եվրոպական մայրաքաղաքները նախօրեին լուսավորվել են Բելգիայի դրոշի գույներով՝ Բրանդերբուրգյան դարպասները Բեռլինում, Էյֆելյան աշտարակը Փարիզում, Նիդերլանդների թագավորական պալատն Ամստերդամում, Տրեվի շատրվանն Իտալիայում, ինչպես նաև հենց Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի շենքը:

armradio.am/

23/3/2016

Պիտակ