Ճանաչենք իսլամը (156)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում շարունակելով Իմամաթի թեմայի քննարկումը կանդրադառնանք Իմամ Մուսա Քազեմի կյանքի վերջին դրվագին ու նաև Իմամ Ռեզայի կյանքի որոշ բաժիններին:
Ինչպես ասացինք Իմամ Քազեմը երկար ժամանակ Հարունի չարագործ իշխանության բանտերում մնալով հանդերձ երբևէ չհրաժարվեց ճշմարտությունն արտահայտելուց:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Իմամ Քազեմը Աբբասյան իշխանության չարագործության ու նեխածության պատճառով այդ իշխանությանը չհաստատեց և որդեգրեց այդ իշխանության դեմ պայքարի ուղին: Նա Աբբասյան բռնապետական իշխանության հիմքերը թուլացնելու համար իր համախոհներին հրաժարեցնում էր այդ իշխանության հետ համագործակցությունից: Միևնույն ժամանակ բացառիկ դեպքերում չէր արգելում իր որոշ աջակիցների իշխանական կարևոր պաշտոններ զբաղեցնելը: Իմամ Քազեմը նման անձանց գոյությունը օգտագործում էր իր շարժման նպատակների իրագործման համար:
Այդ դեմքերից մեկը Ալի Իբն Յաղթեյնն էր: Նա Իմամ Քազեմի համախոհներից ու աջակիցներից էր: Նա Հարունի իշխանական համակարգում այնքան առաջացավ, որ նախարարական պաշտոններ զբաղեցրեց: Նա Աստծո կամքով, Իմամ Քազեմի ցուցմունքներով և իր ուշիմության շնորհիվ Իմամ Քազեմի նպատակների իրագործման և զրկվածներին ու բռնահարվածներին օժանդակելու ուղղությամբ մեծ քայլեր վերցրեց: Մի օր Ալի Իբն Յաղթեյնը գնում է Իմամ Քազեմի մոտ, որպեսզի Աբբասյան իշխանության հետ իր համագործակցությունը խզելու համար նրանից իրավունք ստանա: Սակայն Իմամը նրան դա թույլ չի տալիս և ասում է. «Խալիֆայի արքունիքում քո ծառայությունը անդորր է պարգևում քո կրոնական եղբայրներին: Հուսով ենք, որ Աստված քո միջոցով կկարգավորի բարդությունները և կմարի նրանց թշնամության ու դավադրության կրակը: Ով Ալի Իբն Յաղթեյն իմացիր, որ բռնակալների համար ծառայելու տուգանքը բռնահարվածների իրավունքների վերականգնումն է»:
Ինչպես ասացինք, Իմամ Քազեմի կյանքի վերջին 14 տարիները համընկնում են Հարուն-ալ-Ռաշիդի իշխանության տարիներին: Այդ շրջանում Հարունը խստացնում է Իմամի դեմ իր ճնշումներն ու սպառնալիքները և Իմամը այդ ծանր տարիների որոշ մասն անց է կացնում բանտում: Իմամ Քազեմի դեմ բռնությունը հասնում է այն աստիճանի, որ նույնիսկ ամենաառաջին կարգի անհրաժեշտության դեպքում հնարավոր չէր հասանելիություն ունենալ Իմամին: Նրա բանտում գերության տարիներին, Հարունը հաճախ պարտավորվում էր փոխել նրա բանտարկության վայրը, քանի որ Իմամն իր եզակի պահվածքով նույնիսկ բանտապահներին իր ներազդեցության տակ էր առնում:

Վերջին բանտը, որտեղ պահվում էր Իմամ Քազեմը Սանդի Իբն Շահաք անունով բիրտ ու դաժան բանտապահ ուներ: Իմամն այդ բանտում ծանր տառապանքներ կրեց, սակայն ժայռի նման ամուր կանգնած մնաց: Հարունն այլևս չի հանդուրժում Իմամի անհաղթահարելի ոգին ու եզակի դիմադրությունը և որոշում է նրան վերացնել: Ի վերջո լուսնային հիջրեթի 183 թվականին Հարունի հրամանով Իմամը բանտում թունավորվում ու նահատակվում է:
----------------------------------
Իմամ Քազեմի նահատակությունից հետո իսլամ ժողովրդի առաջնորդության պատասխանատվությունը ստանձնեց նրա որդին՝ Իմամ Ռեզան: Նրա առաջնորդության շրջանը տևեց 20 տարի: Անկասկած ժողովրդի մեջ իմամների ազդեցիկ ներկայությունը, նրանց գիտության գանձարանը և նրանց պարզ կենցաղն ու բարոյական հատկանիշները գրավիչ էին ցանկացած արդարատենչ մարդու համար: Մեծ մարգարեի գերդաստանը միշտ էլ հարգված ու սիրված է եղել ժողովրդի կողմից: Ժողովուրդը բնական կերպով համեմատության եզրեր էր անցկացնում նրանց և Օմավյան ու Աբբասյան նեխած ու փառասեր իշխանավորների միջև և հենց դա էլ պատճառ էր դառնում, որ նրանք ավելի շատ հակվեն իմամների կողմը: Այս համեմատության ընթացքում առավել պարզ էր դառնում մարգարեի ծոռները համարվող իմամների մաքուր ու լուսավոր դիմագիծը:
Իմամ Ռեզայի կենսակերպի և բարոյական հատկանիշների քննարկումը լավապես պարզում է, որ իմամը լրացնում էր ժողովրդի առաջնորդն ու Իմամը լինելու բոլոր պայմանները: Նա իմամաթի համար անհրաժեշտ պայմաններն այսպես է բացատրում. «Իմամն ամենագիտուն, ամենաարդար, ամենաբարեպաշտ, ամենահամբերատար, ամենաճգնավոր ու ամենաառատաձեռն անձն է: Իմամը հորից ու մորից ավելի բարի է մարդ արարածի հանդեպ և խոնարհ ու համեստ է արարչի դիմաց: Նա լրջորեն է տրամադրված բարի հանձնարարելու և չարից հրաժարեցնելու հարցում և շարունակ ժողովրդին հրաժարեցնում է գեշ գործերից»:

Իմամ Ռեզայի խոսքը ճարտար ու համոզիչ էր: Բանավեճերի ժամանակ Իմամը հզոր ու հաշվարկված տրամաբանությամբ վերլուծում էր հարցը և պարզաբանում էր ճշմարտությունը: Այդ պատճառով էլ նրան մերժողներից որոշները նկատելով ճշմարտությունը հրաժարվեցին նրան հակառակելուց և հաստատեցին նրա Իմամ լինելը: Նրանցից մեկը Հասան Իբն Ալի Վաշաա Քուֆին էր: Նա Իմամ Ռեզայի գիտական մակարդակը փորձելու համար գրի է առնում մի քանի հարցեր, որպեսզի դրանք ներկայացնելով Իմամին պատասխան ստանա: Երբ հասնում է Իմամի տան մոտ ժողովրդի ժխորի պատճառով չի կարողանում ներկայանալ Իմամին: Նա ասում է. «Այդ ժամանակ նկատեցի մի ծառայի, որ ինձ էր փնտրում և հարցնում էր ձեզանից որ մեկն է Հասան Իբն Ալի Վաշաան: Ասացի՝ ես եմ: Ինձ մի նամակ տվեց ու ասաց. «Սրանք քո հարցերի պատասխաններն են»: Ես այդ հրաշքը տեսնելով թողեցի Վաղեֆիե դավանանքը և ընդունեցի Իմամ Ռեզայի իմամ լինելը»:
Իմամ Ռեզայի բարոյական հատկանիշների մասին ասել են, որ նա Աստծո ծառաների հանդեպ բարության ու գթության աղբյուր էր: Ուրիշների հետ շփումներում չափազանց բարեդեմ էր և հարգալից ու համեստ վերաբերմունք ուներ մարդկանց հանդեպ: Երբևէ իր տան դռնից չէր հեռացնում դիմողներին ու կարիքավորներին: Նա բոլոր պարագաներում հարգում էր տնեցիներին ու տան սպասարկուներին: Իմամի սպասարկու Յասերն ասում է. «Իմամը մեզ ասում էր եթե ես ձեզ կանչեցի ու դուք ճաշելիս եղաք, մինչև ձեր ճաշը չեք ավարտել տեղից մի բարձրացեք»:
Ժողովրդի տարբեր խավերին հանդիպելիս Իմամ Ռեզան հարգում էր նրանց մարդկային արժանապատվությունը: Իր ենթակաների ու կարիքավորների հանդեպ բարի վերաբերմունք ուներ: Երբ ճաշի սփռոցը պատրաստվում էր, բոլորը անձանց նույնիսկ սպասավորների հետ նույն սփռոցից էր հաց ուտում:
Եթե ուշադրություն դարձնենք Իմամ Ռեզայի ապրած ժամանակաշրջանի քաղաքական ու հասարակական իրավիճակին կնկատենք, որ այդ ժամանակաշրջանում իսլամ աշխարհը գիտական առաջադիմության, աշխարհագրական սահմանների ու տնտեսական ծաղկման տեսակետից մեծ նվաճումներ էր արձանագրել: Այդուհանդերձ Աբբասյան իշխանության նեխածությունն ու բռնությունները շարունակվում էին: Իմամ Ռեզայի առաջնորդության շրջանը համընկնում է Աբբասյան Հարուն, Ամին և Մաըմուն խալիֆաների իշխանությանը: Իմամի առաջնորդության վերջին 5 տարիներին իշխում էր Աբբասյան ամենախորամանկ իշխանավորներից մեկը: Այդ շրջանում իսլամական հասարակության գաղափարական հիմքերը լուրջ մարտահրավերների էին հանդիպել: Այդ պատճառով էլ Իմամ Ռեզան գաղափարական շեղումներն ու նոր մարտահրավերները դիմագրավելու նպատակով ընդգծում էր կրոնական ուսուցումները ճիշտ կերպով ներկայացվելու անհրաժեշտությունը և իր աջակիցներին խրախուսում էր այդ ուղղությամբ: Իմամ Ռեզան տարիներ նույն նպատակի իրագործմանը հետևեց Մեդինա քաղաքում:

Մյուս կետն այն է, որ Հարուն-ալ-Ռաշիդի իշխանության շրջանում ու նրանից հետո Աբբասյան բռնապետ իշխանավորների դեմ շիաների կողմից որոշ ընդվզումներ ծրագրվեցին: Այս ընդվզումները բազմաթիվ խնդիրներ առաջացրեցին Աբբասյան իշխանավորների համար: Դրա պատճառով Մաըմունն իշխանության հասնելուց հետո շիաների հանդեպ նոր քաղաքականություն որդեգրեց: Նա իր մերձավորների հետ խորհրդակցությունից հետո հանգավ այն արդյունքին, որ շիաների քայլերն ու բողոքները վերահսկելու լավագույն միջոցն այն է, որ Իմամ Ռեզային իր մոտ՝ իշխանության կենտրոն կանչի: Նա այդպիսով ցանկանում էր վերահսկել բողոքի քայլերն ու ամրագրել իր հզորությունը: Բացի այդ իմամին հեռացնել Մեդինայում իր գիտական ու ժողովրդային հենակետից: Հետևաբար լուսնային 201 թվականին Մաըմունի սադրանքով իմամը պարտավորվում է Մեդինան թողնել և մեկնում է Աբբասյան Մաըմունի իշխանության կենտրոնը համարվող Մարվ քաղաքը: Իհարկե իմամ Ռեզայի ուղևորությունը Խոռասան մեծ բարիք է պարգևում իսլամ աշխարհին ու հատկապես շիաներին:
Դեպի Մարվ իր ուղևորության ճանապարհին Իմամը որ քաղաք ու շրջան որ մուտք էր գործում ժողովուրդը մեծ սիրով ողջունում էր նրան և զարմանալի եռ ու զեռ էր առաջանում: Այս ուղևորության տարբեր հատվածներում առավել ցայտուն են դառնում իմամ Ռեզայի հոգևոր մեծությունն ու գիտական բարձր դիրքը:
Երբ Իմամը հասնում է Նեյշաբուր պատմական քաղաքը ժողովրդի կողմից եզակի ընդառաջման է արժանանում և մարդիկ հեռու ու մոտիկ վայրերից այցի են գալիս իմամին: Ժողովուրդն իմամին տեսնելով հուզված արտասվում էր:
Մարգարեի ու նրա գերդաստանի անդամների սիրահարների ներկայությունն արտահայտում էր իսլամ ժողովրդի մոտ Իմամ Ռեզայի վայելած համակրանքի մեծ չափերը: Քաղաքի երեցները ժողովրդին հանդարտության կոչ են անում, որպեսզի հնարավոր լինի վայելել Իմամի ներկայությունը: Երբ բազմությունը լռում է, Իմամը պատմում է մի հադիս, որը հայտնի է «Սելսելաթ-ալ-զահաբ» անունով:
Իմամ Ռեզան ներկայացնելով այս հադիսի հղումները, որոնք նախորդ իմամների միջոցով հասնում էր մինչև մարգարեն ու նրա միջոցով Գաբրիել հրեշտակապետին, ասում է. «Միաստվածության բառն իմ բերդն ու ամրոցն է: Ով մուտք գործի իմ ամրոցը, տառապանքներից զերծ կմնա»: Ապա մի պահ դադար առնելուց հետո ասում է. «Իհարկե դա որոշ պայմաններ ունի և ես այդ պայմաններից մեկն եմ»:
Այս արժեքավոր հադիսը կարճ ու իմաստավոր նախադասություններով ներկայացնում է մարդկության փրկության և հավերժական երջանկության հասնելու ուղին: Իմամի խոսքն իրականության մեջ ակնարկում է այն կետին, որ Աստծո միակ լինելու հանդեպ հավատքի պայմաններից մեկն Աստծո կողմից նշանակված Իմամի առաջնորդությունն ընդունելն է: