Հունվար 04, 2020 11:34 Asia/Tehran
  • Իրանն անպատասխան չի կարող թողնել Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված գործողությունը․ Վարդան Ոսկանյան

Պարզ է, որ Իրանն անպատասխան չի կարող թողնել իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ իրականացված գործողությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանցի զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանին առասպելական անձնավորություն էր, եւ այն բացառիկ անձանցից, որին Իրանի բնակչության բոլոր շերտերը անխոս համակրում էին եւ համարում իրանական ավանդույթի կարեւորագույն կրողներից մեկը, իսկ այս պարագայում նման մասշտաբի զինվորականի սպանությունը, այն էլ, ըստ որոշ տեղեկությունների, Միացյալ Նահանգների ծրագրմամբ, իրանական հասարակության ներսում առաջացրել է լուրջ դժգոհություն ԱՄՆ-ի նկատմամբ։ Ինքս այժմ գտնվում եմ Իրանում, դժգոհությունը նկատելի է նաեւ սովորական անձանց շրջանում։ Մյուս կողմից Սոլեյմանիի զոհվելը որոշակի համախմբող դերակատարություն է ունեցել իրանական հասարակության համար։ Իրանի ներսում տեղի է ունենում որոշակի համախմբման գործընթաց համաիրանական, ազգայնական գաղափարների շուրջ»,-նշեց նա։

Իրանագետը շեշտում է, որ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրան-ԱՄՆ առանց այդ էլ լարված հարաբերությունները էլ ավելի կսրվեն․ «Ակնհայտ է, որ առնվազն հռետորաբանության մակարդակում տեղի կունենա լարվածության զգալի աճ, որի միտումներն արդեն իսկ նկատելի են, իսկ ինչ վերաբերում է գործնական տիրույթում հնարավոր քայլերին, ապա կարծում եմ՝ պետք  է սպասել։ Պարզ է, որ Իրանն անպատասխան չի կարող թողնել զորահրամանատարի դեմ իրականացված գործողությունը։ Կարծում եմ՝ Իրանից պետք  ակնկալել գործնական քայլեր, դրանք կարող են չլինել շատ շտապ, բայց գործնական քայլերը անպայմանորեն կլինեն։ Իրանի գործելաոճը երբեք չի եղել շտապողական կամ հախուռն, հետեւաբար ակնկալել, որ իրանցիները միանգամից կնետվեն գործողությունների, սխալ կլինի»։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արեւելքի որոշ երկրներում եւս որոշակի համակրանքի ալիք է բարձրացել թե՛ Իրանի նկատմամբ վերաբերմունքի, թե՛ զորահրամանատարի զոհվելու հանգամանքի հետ կապված․ «Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, Եմենում  եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներում բողոքի գործողություններ են իրականացվել ԱՄՆ-ի դեմ։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց զորահրամանատրի սպանությունը կուժեղացնի Իրանի դիրքերը վերոհիշյալ երկրներում, հատկապես բնակչության շրջանում, որովհետեւ այս զորահրամանատարը սիրված էր նաեւ Իրանցի դուրս՝ Մերձավոր Արեւելքի զանազան երկրներում»։

Խոսելով Հայաստանի քայլերի մասին, Ոսկանյանն ասաց․  «Առաջին քայլը պետք է լինի պաշտոնական Երեւանի կողմից պաշտոնական ցավակցության հղումը Իրանի իշխանություններին եւ ժողովրդին, իսկ քաղաքական հարթությունում պետք  է տեղի ունենան առնվազն խորհրդակցություններ, որովհետեւ ակնկալվում է Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարվածության աճ, իսկ նման լարվածության աճի դեպքում Հայաստանի առջեւ նոր մարտահրավերներ ու ռիկեր են ի հայտ գալիս, որոնք պետք է կարողանանք կառավարել եւ որոշակի դրական ելքեր ապահովել մեզ համար»։

News.am

 

Պիտակ