Հուլիս 14, 2020 09:59 Asia/Tehran
  •  Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

armenpress.am

 

                                                                             

 

Պիտակ