Հեղափոխության առաջնորդ. Սիրիայում համագործակցության լավ օրինակն ապացուցեց, որ կարելի է համատեղ նպատակներ իրականացնել
(last modified Wed, 01 Nov 2017 18:28:21 GMT )
Նոյեմբեր 01, 2017 21:58 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդ. Սիրիայում համագործակցության լավ օրինակն ապացուցեց, որ կարելի է համատեղ նպատակներ իրականացնել

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի համագործակցության շատ լավ փորձին, ընդգծեց. «Այս համագործակցության արդյունքները պարզեցին, որ Թեհրանն ու Մոսկվան կարող են բարդ ասպարեզներում ընդհանուր նպատակներ իրականացնել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ արտասահմանյան մի քանի երկրների կողմից հովանավորվող թաքֆիրական ահաբեկիչների հանդեպ Թեհրանի ու Մոսկվայի համատեղ դիմադրությունը կարևոր արդյունքներ է ունեցել, ասաց. «Սիրիայում ահաբեկիչներին պաշտպանող ամերիկյան կոալիցիայի կրած պարտությունն անհերքելի իրականությունն է, սակայն նրանք դեռ շարունակում են սադրիչ քայլեր ծրագրել, հետևաբար Սիրիայի հարցի լիարժեք կարգավորումը պահանջում է շարունակել ամուր համագործակցությունը»:

«Սիրիայի իշխանության հետ կապված բոլոր հարցերն ու լուծումները պիտի բխեն այդ երկրի ներսից ու Սիրիայի կառավարությունը որևէ նախագիծ իրականացնելու համար ճնշման տակ չպիտի հայտնվի ու հնարավոր սահմաններում նախագծերը պիտի համապարփակ լինեն»,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով, որ Սիրիայի ժողովրդի մասին վերջին որոշումը կայացնելու է այդ երկրի ժողովուրդը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի ու Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումների համատեղ դիմակայման բնագավառում համագործակցությունը օգտակար համարելով, ասաց. «Անտեսելով Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների թուլացմանն ուղղված թշնամիների բացասական քարոզչությունները կարելի է երկկողմ ու բազմակողմ  տնտեսական շրջանառությունից դոլարը կրճատելու և դա ազգային արժույթով փոխարինելու պես քայլերով անազդեցիկ դարձնել ամերիկյան շրջափակումներն ու ԱՄՆ-ին մեկուսացնել»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին ի դեպ, նկատելով, որ որոշ երկրներում սաուդացիների արյունալի միջամտությունները, այդ թվում Եմենում ամեն օր աճող ոճրագործությունները խոր ճգնաժամի մեջ մխրճվելու ենթահող են պատրաստում Արաբիայի համար, ընդգծեց. «Նրանք նույնիսկ չեն թույլատրում դեղորայք ու օժանդակություն փոխանցվի վարակիչ ու մահաբեր հիվանդություններ դիմագրավող Եմենի բռնահարված ժողովրդին»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հանդիպման ժամանակ ՀԳՀԾ-ի և բազմակողմ պայմանագրերի գործադրման անհրաժեշտության հետ կապված Ռուսաստանի նախագահի արտահայտությունների կապակցությամբ գոհունակություն հայտնելով, ասաց. «Դժբախտաբար ամերիկացիները շարունակում են իրենց խուլիգանությունը, որոնց պիտի արձագանքել հիմնվելով խոհեմության վրա և ընտրելով ճիշտ ուղղություն»:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կատարած ուղևորության և հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ հանդիպման կապակցությամբ իր գոհունակությունը հայտնելով, ընդգծեց. «Իրանին ռազմավարական գործընկեր ու մեծ հարևան ենք համարում և հարաբերությունների համակողմանի ընդլայնման ու ամրապնդման համար օգտագործելու ենք ցանկացած առիթ ու հնարավորություն»:

«Ցանկացած երկրում ու այդ թվում նաև Սիրիայում ցանկացած փոփոխություն պիտի ձևավորվի այդ երկրի սահմաններում»,-հայտարարեց Պուտինը չափազանց ազդեցիկ ու իմաստուն բնութագրելով Սիրիայում համատեղ նպատակների իրագործման ուղղությամբ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի դիրքորոշումները:

Ռուսաստանի նախագահը հայտարարելով, որ Մոսկվան պաշտպանում է ՀԳՀԾ-ն, ասաց. «Մոսկվան ԱԷՄԳ-ի հիմնական սկզբունքներում փոփոխությունը ճիշտ քայլ չի համարում և դեմ է Իրանի միջուկային հարցն այլ ու այդ թվում պաշտպանական հարցերին կապելուն»:

Պիտակ