Օգոստոս 12, 2018 07:28 Asia/Tehran
  • Կասպից ծովում օտարների ռազմական ներկայությունն արգելելու հարցում կոնսենսուս գոյություն ունի. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարը շաբաթ գիշեր Ղազախստանում մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նստաշրջանում տեղեկացրեց այդ ծովում օտարների ռազմական ուժերի երթևեկն արգելելու շուրջ առկա կոնսենսուսի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս նիստում ընդգծեց. «Մերձկասպյան հինգ երկրներն իրենց ղեկավարների դրական կամքի, նաև բարեկամական ու կառուցողական մթնոլորտի ներքո կանգնած են իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի, վեց համաձայնագրերի ու արձանագրությունների ստորագրման և գագաթնաժողովի ամփոփիչ հաղորդագրության հրապարակման սեմին»:

Զարիֆը նշեց, որ բնապահպանության անդրսահմանային ազդեցությունների արձանագրությունը ստորագրվել է 21 օր առաջ: Նա հավելեց. «Այս զարգացումները Կասպից ծովի ափամերձ ժողովուրդների ու պետությունների համար լուսավոր ապագա են ուրվագծում»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այս կոնվենցիայի ստորագրմամբ, Կասպիցի շուրջ բանակցություններն ու քայլերը չեն ավարտվում: «Սա ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման, նաև գործադրմանը վերահսկելու ուղղությամբ շրջադարձային կետ է և նոր համաձայնությունների շուրջ բանակցությունների սկզբնակետը»:

«Ուրախալի է, որ Կասպից ծովում միայն ափամերձ երկրների դրոշներով նավարկության միջոցի մենաշնորհյալ ներկայության, նաև օտար և ոչ-ափամերձ երկրների ռազմական ուժերի ներկայության ու շրջագայության շուրջ կոնվենցիայի մեջ կոնսենսուս գոյություն ունի»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների նստաշրջանը շաբաթ օրը գումարվեց Ղազախստանի Աքթաու քաղաքում:

Մերձկասպյան հինգերորդ գագաթնաժողովը գումարվելու է այսօր՝ նույն քաղաքում: Գագաթնաժողովի ընթացքում ստորագրվելու են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին փաստաթղթեր:

Մերձկասպյան երկրներն են ԻԻՀ-ն, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը:

 

Պիտակ