Լիբանանում Իսրայելի վարած պատերազմի հեռանկարը 
(last modified 2024-10-18T13:07:55+00:00 )
Հոկտեմբեր 18, 2024 16:37 Asia/Tehran
  • Լիբանանում Իսրայելի վարած պատերազմի հեռանկարը 

Մինչ Սիոնիստական բանակը փորձում է ամեն գնով կայծակնային հաղթանակ տանել, նույնիսկ հարավային Լիբանանում ռազմական հանցագործությունների գնով, «Հեզբոլլահը» վարում է երկարաժամկետ պարտիզանական և քայքայող պատերազմ:

«Հեզբոլլահի»  ռազմական գործողությունների գրասենյակը հայտարարել է, որ խմբավորումը սկսել է Իսրայելի դեմ գործողությունների նոր փուլ։ Այս հայտարարությունից հետո հաղորդվել է  իսրայելական բանակի դեմ երեք հրետանային ու հրթիռային գործողությունների մասին։ 
Հայտարարության մեջ նշվել է, որ «Հեզբոլլահի» գործողություններն օրեցօր ավելանալու են և իսրայելական թշնամու՝ օկուպացված Պաղեստինի սահմանին գտնվող ռազմակայանները,  զորանոցները, Պաղեստինի հյուսիսում գտնվող օկուպացված քաղաքներն, ինչպես նաև ռազմաբազաները ենթարկվելու են հրթիռային հարձակումների։ 
«Հեզբոլլահն» ավելացրել է նաև ԱԹՍ-ներով իրականացվող գործողությունների թիվը։ Դիմադրության մահապարտ ԱԹՍ-նեը թիրախավորում են Լիբանանի հետ սահմանին և գրավյալ տարածքների խորքերում տեղակայված իսրայելական ռազմաբազաները։ Շարունակվում են նաև ԱԹՍ-ների կիրառմամբ  հետախուզական և տեղեկատվության հավաքագրման գործողությունները։ 
Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ գրասենյակը նշել է, որ հարձակումների հետևանքով թշնամին ունի 55 զոհ, ավելի քան 500 վիրավոր, որոնց թվում կան նաև բանակի հրամանատարներ։ Նշվել է նաև, որ ոչնչացվել է 20 «Մերկավա» տանկ, 4 ռազմական բուլդոզեր, զրահամեքենա և 1 մարդատար մեքենա, և խոցվել է երկու «Հորմոզ 450» տեսակի ԱԹՍ ։ Այս վիճակագրությունը չի ներառում սահմանին և օկուպացված տարածքների խորքում գտնվող հենակետերում և մարտական դիրքերում հակառակորդի կորուստները։
Հայտարարության մեջ ասվում է․ «Իսլամական դիմադրությունը մտնում է իսրայելական թշնամու հետ դիմակայության նոր փուլ, որի մասին ավելի շատ քննարկումներ կլինեն առաջիկա օրերին»։
16 օր առաջվանից Սիոնիստական ռեժիմի բանակը ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավում, և այս ընթացքում մի քանի անգամ ստիպված է եղել փոխել մարտավարությունը սահմանամերձ շրջաններում։ Այս ժամանակահատվածում  իսրայելական բանակը Լիբանանի հետ սահման է ուղարկել հինգ ռազմական բրիգադ՝ ավելի քան 70 հազար զինվորներով, հարյուրավոր տանկերով ու զինտեխնիկայով։
«Հեզբոլլահը», որը 33-օրյա պատերազմում ընդամենը մի քանի հազար զորքով կարողացավ հաղթել Իսրայելին, ներկայումս ունի առնվազն 100 հազար հոգուց բաղկացած մարտական  բանակ։ Վերջին 18 տարում զարգացել է նաև կուսակցության թունելների ցանցը և զինամթերքի պահեստների շղթան։
«Հեզբոլլահն» ունի և՛ ուժ, և՛ հրամանատարություն, և՛ անհրաժեշտ տեխնիկա երկարատև պարտիզանական պատերազմի համար։ Ու չնայած մի քանի հրամանատարների սպանություններին, այլ ստորաբաժանումների հրամանատարները լուրջ վնասներ չեն կրել։ Նրանցից  շատերը կուսակցության առաջին սերնդից են և ունեն  երկար փորձ։ Եվ դա այն է, ինչին «Հեզբոլլահը» երկար տարիներ պատրաստվել է։