Ասորական եկեղեցու առաջնորդ. Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 մլն-ից հասել է 150.000-ի
Ասորական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն հայտարարել է, որ Միջին Արևելքում քրիստոնեությունը գտնվում է ոչնչացման եզրին:
«Սիրիայում, Լիբանանում և Իրաքում քրիստոնեությունը ոչնչացման եզրին է: Վերջին 100 տարում Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 միլիոնից հասել է 150 հազարի: Նույն իրավիճակը կարող է կրկնվել Լիբանանում և Սիրիայում»,- ասել է ասորիների հոգևոր առաջնորդը, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը:
Պատրիարքը նշել է, որ «Սիրիայում բնակվող հազարավոր քրիստոնյաներ կամ քշվել են հայրենիքից, կամ փախել հիմնականում Լիբանան»:
Ասորական եկեղեցու առաջնորդը նաև կոչ է արել Եվրոպային զգուշանալ ծայրահեղական մահմեդականներին իրենց երկրներ ընդունելուց:
Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել է մոտ 2 միլիոն քրիստոնյա՝ հայեր, հույներ և ասորիներ:
Panarmenian.net