Փետրվար 14, 2017 12:17 Asia/Tehran
  • Թրամփը կփորձի նոր լիցք հաղորդել Իսրայելի հետ հարաբերություններին

Փետրվարի 15-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական այցը ԱՄՆ: Իսրայելական կողմը երկար ժամանակ էր նախապատրաստվում նորընտիր նախագահ Թրամփի ու նրա վարչակազմի հետ առաջին պաշտոնական հանդիպումներին:

Նեթանյահուի այցելությունը կարևորվում է նաև Օբամայի վարչակազմի կառավարման շրջանում Իսրայել-ԱՄՆ համագործակցության որոշակի թուլացման տեսանկյունից. 
Նախագահ Թրամփն իր հերթին ԱՄՆ նախընտրական պայքարում բազմիցս հայտարարել էր Իսրայելի հետ երկկողմ համագործակցության խորացման, ՄԱԿ-ում Իսրայելի իրավաքաղաքական դիրքերի ամրապնդման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ:

Ինչևէ, թե որքանով կողմերը կկարողանան գալ փոխհամաձայնության ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարաբերություններում ակտուալ հիմնահարցերի` նախևառաջ սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ, ցույց կտան Թրամփ-Նեթանյահու առաջիկա հանդիպման արդյունքները:

Կարելի է ենթադրել միայն, որ Թրամփը կփորձի նոր լիցք հաղորդել Իսրայելի հետ հարաբերություններին, սակայն Իսրայելի հետ կապված Թրամփի նախընտրական խոստումների իրագործման հարցում որոշակի վերապահումներ ամեն դեպքում կան:

Բավական խնդրահարույց է և դեռ այնքան էլ հստակ չէ, թե որքանով Թրամփի վարչակազմին կհաջողվի սաստկացնել ճնշումները Իրանի նկատմամբ, ինչը որոշակի լարվածություն կհաղորդի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին: 

Մյուս կողմից, Թրամփի «հովանու» ներքո Իսրայելի դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում կնպաստի նաև Սաուդյան Արաբիայի ազդեցության ընդլայնմանը` ի հաշիվ Իրանի. Այստեղ արդեն հակասություններ են առաջանում կրկին Ռուսաստանի հետ, որը վերջին շրջանում Թուրքիայի ու Իրանի հետ համատեղ կոորդինացնում է սիրիական ռազմական գործողությունները:

Այս ամենի համատեքստում Թրամփը թերևս կամրապնդի Իսրայելի դիրքերը ՄԱԿ-ում, մերձավորարևելյան զարգացումներում ու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործընթացում այնքանով, որքանով դա խոշոր հաշվով բացասաբար չի անդրադառնա Ռուսաստանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վրա:

Կարելի է սպասել նաև, որ կողմերը կգան հանաձայնության ԱՄՆ օրենսդիր ու գործադիր մարմիններում հրեական լոբբիստական խմբերի ազդեցության ընդլայնման հարցերում, ինչը որոշակի թուլացել էր Օբամայի վարչակազմի շրջանում:

operativ.am/

 

Պիտակ