Օգոստոս 21, 2017 12:09 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան զորավարժություններ են սկսում, որոնք Փհենյանը համարում է «Հս. Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստում»

Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան երկուշաբթի «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

 

 

Զորավարժությունների մասին անցած շաբաթ հայտարարել է Կորեայի Հանրապետությունն՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին:


Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:


Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:

Այնուհանդերձ՝ վերջին մի քանի օրերին 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը:

tert.am

 

Պիտակ