Հոկտեմբեր 17, 2017 17:40 Asia/Tehran
  • Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի

«Կորեական թերակղզում իրավիճակը հասել է ծայրահեղ լարվածության աստիճանի, եւ միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Դիվանագետը նշել է, որ ոչ մի այլ պետություն ԱՄՆ-ի կողմից այդքան տեւական ժամանակ չի ենթարկվել էքստրեմալ եւ ուղղակի սպառնալիքների, որքան Հյուսիսային Կորեան, հետեւաբար Փխենյանն ունի ինքնապաշտպանության լիարժեք իրավունք:

Կիմ Ին Ռյոնը հայտնել է, որ իր երկիրը սկզբունքորեն աջակցում է միջուկային զենքի ամբողջական ոչնչացման գաղափարին: Սակայն այս պայմաններում, երբ Հյուսիսային Կորեան սպառնալիքների է ենթարկվում ԱՄՆ-ի կողմից, Փխենյանը չի կարող ստորագրել միջուկային զենքի արգելման պայմանագիրը:

Փխենյանում պնդում են, որ միջուկային խոշոր զինանոց ունեցող երկիրը պետք է առաջինը ոչնչացնի միջուկային զենքը, այն դուրս բերի այլ երկրների տարածքներից եւ հրաժարվի ագրեսիվ ռազմավարությունից:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը հայտարարել է, որ իր երկիրը չի բացառում Հյուսիսային Կորեայի հետ ուղղակի բանակցությունները: «Սակայն բանակցությունների ձախողումից հետո մենք եւ մեր դաշնակիցները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան եւ մյուս երկրները պետք է պատրաստ լինենք վատթարագույնին»,-ավելացրել է Սալիվանը:

Աղբյուր՝ Deutsche Welle

Պիտակ