Թրամփն ու Պուտինը Վիետնամ են ժամանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վիետնամ է ժամանել՝ մասնակցելու Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին, որը Ասիա նրա 12-օրյա այցի 4-րդ փուլն է, փոխանցում է Reuters-ը:
Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը կներկայացնի ԱՄՆ տեսլականը «Հնդկական-Խաղաղօվկիանոսյան ազատ եւ բաց տարածաշրջանի» մասին:
Թրամփը ժամանել է Չինաստանից, որտեղ կատարած այցի արդյունքներով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին անվանել է «իր ժողովրդի շատ հարգարժան ու հզոր ներկայացուցիչ», իսկ չինական լրատվամիջոցները գրել են, որ այս այցը ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերությունների ու տարաձայնությունների կարգավորման «նոր խթան» է դարձել:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Վիետնամ է ժամանել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի նախագահը կանցկացնի նաեւ մի շարք երկկողմ բանակցություններ, այդ թվում, ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սակայն Սպիտակ տանը հայտարարել են, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպման վերջնական պայմանավորվածություն չկա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Կրեմլը եւ Վաշինգթոնը չէին բացառել նոյեմբերի 10-ին Դանանգում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկխոսության հնարավորությունը: Սպասվում է, որ 2 երկրների ղեկավարները կքննարկեն Հյուսիսային Կորեայի, Ուկրաինայի, Սիրիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:
News.am