Հունվար 20, 2018 13:34 Asia/Tehran
  • Սիրիայում ԱՄՆ-ի կողմից պատրաստվող անվտանգության ուժերը վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի համար. Պետդեպ

Սիրիայում անվտանգության ուժերը, որոնց պատրաստությունն իրականացնում է ԱՄՆ-ն, վտանգ չեն ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: Այդ մասին հայտարարել էՊետքարտուղարության աշխատակիցը, որը հանդես է եկել Վաշինգտոնում հատուկ ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ խոսքն ինչ-որ սահմանապահ ուժերի մասին չէ, այլ «ներքին անվտանգության ուժերի», որոնք Սիրիայում աջակցություն են տրամադրում գրոհայիններից ազատագրված շրջաններում:

«Մենք աշխատում ենք օգնության տրամադրման, ներքին անվտանգության ուժերի պատրաստության ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նա նշել է, որ դա «վտանգ չի ներկայացնում Թուրքիայի համար»: Պետքարտուղարության աշխատակիցն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել Անկարայի հետ խորհրդակցություններն այդ հարցի առնչությամբ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հայտնել է, որ անցել է Սիրիայում, այսպես կոչված, «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծմանը՝ Սիրիական դեմոկրատական ուժերի հետ միասին:

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի կողմից «Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր» ստեղծելու և դրանում 30.000 քուրդ զինյալ ներառելու մտադրության մասին հայտարարությունները կոշտ քննադատության էին արժանացել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի իշխանությունների կողմից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սպառնալով մի քանի օրում ոչնչացնել Սիրիայի քուրդ գրոհայիններին, հայտարարել էր, որ Աֆրինում ռազմական գործողությունը կարող է սկսել մոտ ժամանակներս:

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին էլ ուրբաթ հայտարարել է, որ Աֆրինում երկրի զինված ուժերի գործողությունը «դե ֆակտո սկսվել է»: «Գործողությունը դե ֆակտո արդեն սկսվել է հրետանային ռմբակոծություններով»,- ասել էր նա՝ նշելով, որ թուրքական զորքը դեռ չի մտել Աֆրին:

tert.am/

Պիտակ