Փետրվար 16, 2022 10:23 Asia/Yerevan

Հայ ազատագրական պայքարի իրանահայ գործիչ՝ Հովսեփ Էմին.

Իրանցիները երբեք չեն կարողացել համբերել ու հանդուրժել բռնակալությունն ու բռնակալների տիրապետությունը: Նրանք ուր հասել և որտեղ էլ ապրել են փորձել են ժողովրդին լուսավորել և նրանց իրազեկել իրենց իսկ մարդկային ամենասկզբնական իրավունքների մասին: Բացառություն չեն եղել նույնպես իրանահայերը: Պատմության ընթացքում քիչ չեն այն իրանահայերի թիվը որոնք փորձել են հանուն ժողովրդի բարօրության ու լուսավորության պայքարել բռնակալության ու բռնակալների դեմ և այդ գործը անշուշտ սկսել են լուսավորական շարժմամբ: Հայտնի իրանահայերից որոնք իրենց կյանքում նվիրվել են լուսավորության գործին կարող ենք հիշել Խաչատուր Կեսարացուն, Հովհաննես Ջուղայեցուն, Հարություն քահանա Շմավոնյանին, Հովեփ Էմինին, Եփրեմ Դավթյանին և այլոց: Անկախ դրանից որտեղ են ապրել, նրանց համար կարևոր երևույթը եղել է ժողովուրդների ազատությունն ու լուսավորությունը, ինչի համար իրենք զրկվել են հանգիստ ու խաղաղ կյանքից:

Բարև Ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է 18-րդ դարի հայ ազատագրական մտքի ու լուսավորության շարժման իրանահայ գործիչ Հովսեփ Էմինին:

---

Հովսեփ Էմինը բուն անունով Էմին Հովսեփի Էմինյանը ծնվել է 1726թ. Պարսկաստանի Համադան քաղաքում: Էմինի նախահայրերը Սեֆևյանների Շահ Աբբաս թագավորի օրոք տեղահան էին արվել և բերվել էին Պարսկաստան: Նրանք բնակություն են հաստատում Համադան քաղաքում: Էմինը մանուկ հասակում զրկվում է մորից: Հայրը առևտրական գործերով մեծ մասամբ եղել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և որդու դաստիարակությամբ զբաղվել է պապը՝ Միքայելը: Նա իր պապից լսում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, նրանից իմացել է ժողովրդի ծանր վիճակի մասին, ու պապի հետ ունեցած զրույցները մեծ ազդեցություն են թողել պատանի Էմինի վրա:

Տարիներ հետո նա փոխադրվում է հոր մոտ՝ Կալկաթա, ուր ընդունվում է անգլիական դպրոց: Կալկաթայում Էմինը հաճախ շփվել է անգլիացիների հետ, դիտել է նրանց զորքերի զինավարժությունները: Նա մտադրվում է, որ հայ ժողովրդի ազատագրության համար պետք է ստանա ռազմական կրթություն ու հմտություններ:

Հակառակ իր հոր կամքին Անգլիայում ռազմական կրթություն ստանալու համար մեկնում է այնտեղ, որտեղ մնում է մինչև 1759թ.: Նույն թվականի մայիսին նա դուրս եկավ Անգլիայից և Ճենովայի վրայով նավարկեց մինչև Ալեքսանդրեկ: Այստեղից գնաց Հալեպ և նույն թվականի վերջերին երկու հայերի ուղեկցությամբ ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, որը բացասական ցնցող տպավորություն թողեց նրա վրա: Նա տեսավ թշվառ ու աղքատ մի երկիր, ստրուկ ու վախեցած մի ժողովուրդ, որի մեջ չէր մնացել անգամ պատմական հիշողություն: Կարինի գյուղերից մեկում էմինը սկսում է հատվածներ կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», գյուղացիներին բացատրել, որ հայերն էլ երբևիցե ունեցել են սեփական պետություն և թագավոր, բանակ և իշխաններ:

---

Բովանդակ Հայաստանում նա չհանդիպեց որևէ մեկին, որը համակրեր իր ծրագրերը, չտեսավ այն ուժը, որը կարող էր բարձրանալ պայքարի: էմինի հիասթափությունը ակներև էր: Անգամ Ս. էջմիածնում, ուր նա ժամանեց 1760 թ. ապրիլին, անբարյացակամորեն ընդունեցին նրան: Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին սկզբում ինչ-որ հույսեր ներշնչեց, սակայն լինելով խիստ զգուշավոր և զուսպ՝ բավարարվեց միայն սաստելով այն հոգևորականներին, որոնք փորձում էին վարկաբեկել էմինին:

1761 թ. էմինը Հայաստանից վերադարձավ Անգլիա և Լոնդոնում կապեր հաստատեց Ռուսաստանի դեսպան կոմս Ա. Մ. Գոլիցինի հետ: Դեսպանը ընդառաջեց Ռուսաստան մեկնելու էմինի ցանկությանը: 1761 թ. նոյեմբերին էմինը հասնում է Ս. Պետերբուրգ, ուր Ռուսաստանում Անգլիայի դեսպանը նրան ներկայացնում է վարչապետ Վորոնցովին: Վարչապետը մանրամասն հետաքրքրվում է էմինի ծրագրերով և եզրակացնում, որ նա այն անձն է, որը կարող է օգտակար լինել Կովկասում՝ Ռուսաստանի արտաքին շահախնդրությունների տեսակետից: Միաժամանակ էմինին առաջարկություն է արվում մտնել ռուսական զինվորական ծառայության մեջ, բայց նա հրաժարվում է և պատրաստվում մեկնել Վրաստան: էմինի՝ Վրաստան մեկնելու նպատակը ոչ թե Հերակլին ծառայելն էր, այլ Հայաստանի ազատագրումը: էմինի գործունեությունը Ռուսաստանում, նրա ծրագրերն ու գաղափարները խիստ հետաքրքրեցին ռուսահայ նորելուկ մտավորականությանր, բազում առևտրականների: Շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել նրան: Մոսկվայում նրան մտերմացավ մեծահարուստ Հովհաննես Լագարյանը, որը հետագայում պետք է դառնար հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը:

1763 թ. փետրվարին էմինը դուրս եկավ Մոսկվայից և Աստրախանի ու Ղզլարի վրայով մեկնեց Վրաստան: Վրաստանից էմինը աշխույժ նամակագրական կապ է հաստատում Երևանի մեծամեծների, Արցախի մելիքների, Հայոց կաթողիկոսի, հոգևորականության առանձին ներկայացուցիչների հետ և փորձում շոշափել նրանց տրամադրությունները, ազատագրական շարժմանը աջակից լինելու պատրաստակամությունը: Նրա գաղափարներր խանդավառեցին ոչ միայն Արցախի մելիքներից շատերին, այլև Արևմտյան Հայաստանի հոգևորականության որոշ ներկայացուցիչների:

էմինը հույս ուներ վերականգնել Խամսայի միասնությունը, հաշտեցնել մելիքներին և նրանց բարձրացնել զինված ապստամբության: Ամբողջ 1767 թ. րնթացքում էմինը բնակվում էր Գյուլիստանում՝ մելիք Հովսեփի մոտ, որտեղ նա մի շարք հանդիպումներ է ունենում Արցախի նշանավոր գործիչների, մասնավորապես Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանի հետ և նրանց համոզում է ներգրավվել իր ազատագրական ձեռնարկումների մեջ:

---

Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, որ ուշի-ուշով հետևում էր էմինի գործունեությանը, Գանձասարի կաթողիկոսին և մելիքներին հորդորում է հրաժարվել նրա ծառայություններից և հեռացնել Արցախից: 1767 թ. հոկտեմբերին մելիք Հովսեփը ճարահատյալ խնդրում է նրան թողնել Գյուլիստանը: էմինը ստիպված էր հեռանալ Արցախից և 1768 թ. գարնանը Պարսկաստանի վրայով մեկնել Հնդկաստան:

Թեև էմինի տասնամյա համառ, հետևողական, անխոնջ գործունեությունը չպսակվեց գործնական որևէ արդյունքով, սակայն նոր աստիճանի բարձրացրեց հայ ազատագրական շարժման գաղափարը: Ինքը՝ էմինը, չընկճվեց կրկնվող անհաջողություններից, չհրաժարվեց իր հավատամքից և շարունակեց պայքարը:

Հնդկաստանի հարավում գտնվող Մադրաս  քաղաքում նա 1773 թ. մտնում է Շ. Շահամիրյանի ազատագրական խմբակի մեջ և անմնացորդ նվիրումով մասնակցում նրա գործունեությանը, իր լավատեսությամբ ոգևորում շատերին: Մադրասի հայ մեծահարուստները որոշում են նրա տրամադրության տակ դնել տարեկան 12 հագար ռուփի՝ հայկական զորախումբ ստեղծելու համար: Հայտնի վաճառական Գրիգոր Խոջաջանյանը պատրաստակամություն է հայտնում հայկական բանակի կազմակերպմանը նվիրաբերել իր հսկայական կարողության մեծ մասը: Շ․ Շահամիրյանը և ուրիշները նույնպես որոշում են նյութական օժանդակություն ցույց տալ: Հնդկահայ վաճառականների ու գործարարների այս առատ նվիրատվությունները էմինին ստիպում են մշակել Հայաստան վերադառնալու, այնտեղ զորախմբեր ստեղծելու և ազատագրական պայքարը շարունակելու նոր ծրագրեր: Բայց երբ գումարի մի մասն արդեն հավաքված էր, Մադրասում գտնվող Երուսաղեմի նվիրակ Հովհաննես եպիսկոպոսը խափանում է այս գործը և վաճառականներին պարտադրում հետ վերցնել ներդրված դրամական միջոցները: Անկասկած, նվիրակը գործում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ ու գիտությամբ:

Հովսեփ Էմինի կյանքի ու գործունեության մասին լսենք պատմական գիտությունների  դոկտոր պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանին։

 

1783 թվականից էմինը մշտապես բնակվում է Կալկաթայում, որտեղ և մահանում է 1809 թվականին: Կյանքի վերջին տարիներին նա անգլերենով շարադրել է «Հովսեփ էմինի կյանքն ու արկածները» ինքնակենսագրական գիրքը (Լոնդոն, 1792), որը XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժումների պատմության արժեքավոր սկզբնաղբյուրներից է: Սույն գիրքը մեծ հայրենասերի վերջին փորձն էր ՝ հայության մեջ սեր ներարկել «մարդկության բարիքների միակ աղբյուրի»՝ ազատության նկատմամբ:

Էմինը մարդասեր էր: Քարոզում էր հումանիզմ: Մարդը անկախ դավանանքից ու ազգային տարբերությունից, պետք  է լինի ազատ անկախ: Ահա Էմինի սկզբունքը:

 

***