Հունիս 22, 2020 20:47 Asia/Tehran
  • Արևելյան գործընկերություն. ի՞նչ սպասել 2020թ.-ից հետո

Ինչպես հայտնի է, այս տարին բավական կարևոր է ԵՄ Արեևլյան գործընկերության ծրագրի (ընդգրկում է Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը և Ադրբեջանը) հետագա ընթացքի ուղենշման տեսանկյունից։

2017 թվականից ԱլԳ քաղաքականության հիմքում ընկած «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթի իրականացման ժամկետն ավարտվելու է 2020թ. վերջին, ուստի արդեն այս տարի Եվրամիությունն ԱլԳ երկրների հետ համագործակցաբար պետք է սահմանի նոր «թիրախային արդյունքներ», որոնց կանխորոշելու են ծրագրի հետագա շարունակությունը։

2020 թվականից հետո ԱլԳ ապագայի ուրվագծման տեսանկյունից որոշակի քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են։ Մասնավորապես.

- 2020թ. մարտի 18-ին Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» զեկույցը, որը սահմանում է ԱլԳ ծրագրի համար ԵՄ երկարաժամկետ քաղաքականությունը 2020թ. հետո՝ առանձնացնելով համագործակցության 5 հիմնական ուղղություններն ու դրանց շրջանակներում ձեռարկվելիք հիմնական քայլերը։ Փաստաթուղթը հավանության է արժանացել նաև ԵՄ խորհրդի կողմից, որը մայիսի 11-ին հրապարակել է դրա վերաբերյալ իր եզրակացությունները՝ վերահաստատելով ԱլԳ ծրագրի ռազմավարական կարևորությունն ու ընդհանուր ժողովրդավարության, բարգավաճման և կայունության ընդհանուր տարածքի ստեղծման համատեղ հանձնառությունը:

- 2020թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել ԵՄ ղեկավար կազմի, անդամ երկրների  և ԱլԳ երկրների առաջնորդների տեսակոնֆերանսը, որի շրջանակներում ևս մեկ անգամ ընդգծվել է ԱլԳ կարևորությունը` որպես ԵՄ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Առաջնորդները քննարկել են COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը, այդ ուղղությամբ համագործակցության կարևորությունը, համաձայնության են եկել «Արևելյան գործընկերության քաղաքականությունը 2020 թվականից հետո» համատեղ փաստաթղթի 5 առաջնահերթությունների շուրջ, հանձնառություն են ստանձնել աշխատելու նոր «թիրախային արդյունքների» սահմանման և 2021թ. մարտին Բրյուսելում ֆիզիկական գագաթաժողով կազմակերպելու ուղղությամբ, որի ժամանակ և համատեղ հռչակագրով կհաստատեն 5 քաղաքական առաջնահերթությունները։

- 2020թ. հունիսի 19-ին Եվրախորհրդարանը 507 կողմ և 119 դեմ ձայներով հաստատել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) վերաբերյալ Եվրոպական Միության Խորհրդին, Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչին ուղղված Եվրախորհրդարանի պաշտոնական առաջարկները (2019/2209(INI) բանաձև), որոնցում իր դիրքորոշումն է արտահայտել ԱլԳ ծրագրի, դրա ապագայի, անդամ երկրների հետ համագործակցության հետագա ուղղությունների առնչությամբ։

Մինչ այժմ ընդունված հիմնական փաստաթղթերի վերլուծությունն արդեն իսկ հնարավորություն է տալիս  պատկերացում կազմել ծրագրի ապագայի վերաբերյալ:

ԵՄ Արելյան գործընկերության շրջանակներում շարունակելու է կարևորվել «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, ինչը ենթադրում է, որ ԱլԳ երկրներ-ԵՄ համագործակցության շրջանակները կախված են լինելու հետխորհրդային վեց երկրներում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունից։

Այս համատեքստում հատկանշական է 2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մեկնարկած խորքային բարեփոխումների գործընթացը, որը բազմիցս ողջունել են նաև Եվրամիության և ԵՄ անդամ երկրների ղեկավարները։ Հայաստանում բարեփոխումների օրակարգի ամրապնդումը և վերոնշյալ սկզբունքի կիրարկումը կարող է գործնականում նպաստել ՀՀ-ԵՄ համագործակցության առավել ընդլայնմանը։ Բացի այդ, այս սկզբունքը որպես հնարավորություն պետք է օգտագործվի «ասոցացված և չասոցացված երկրների» արհեստական բաժանումը մեղմելու համար, քանի որ ԱլԳ շրջանակներում ԵՄ հետ օրակարգի ձևավորման հիմքում պետք է ընկած լինի ոչ թե Ասոցացման համաձայնագրի ստորագրած լինելու հանգամանքն, այլ ժողովրդավարության ոլորտում յուրաքանչյուր երկրի գրանցած առաջընթացը։

ԱլԳ նոր քաղաքականության համատեքստում շարունակվելու է առաջնահերթություն համարվել բարեփոխումների իրականացումը հետևյալ ոլորտներում`  որակյալ կառավարման, դեմոկրատական ինստիտուտների, օրենքի գերակայության, դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ ԵՄ համար այս ուղղություններն կարևորվելու են սերտ քաղաքական համագործակցության և ֆինանսական աջակցության տեսանկյունից։ Հատկանշական է, որ նշված ոլորտները կարևորվում են նաև Հայաստանի ներկայիս բարեփոխումների օրակարգում, ինչը կարող է նպաստել Բրյուսելի հետ համագործակցության  արդյունավետության ամրապնդմանը:

ԱլԳ քաղաքականության շրջանակներում կարևորվելու է նաև ոլորտային համագործակցության վրա հիմնված ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծումը։ Այս առումով առաջնային է համարվում առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումն ու տնտեսական ինտեգրացիայի խորացումը։ Այս ուղղությունը, բնաբանաբար, առավել լայն հնարավորություններ է ստեղծում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երեք երկրների` Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար, որոնք Բրյուսելի հետ ունեն Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիր: Սակայն, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) շնորհիվ Հայաստանը ևս կարող է մեծացնել ԵՄ հետ տնտեսական փոխգործակցության ծավալները:

Հատկանշական է, որ հաստատված փաստաթղթերում ամրագրվում է նաև ԱլԳ երկրներին ավելի մեծ ֆինանսավորման տրամադրումը՝ անդամ երկրներում տնտեսական և սոցիալական կայունություն ամրապնդելու տեսնակյունից, սա ենթադրում է, որ ոլորտային համագործակցության շրջանակներում Հայաստանը կարող է ակնկալել առավել մեծ ֆինանսական աջակցություն` բարեփոխումների գործընթացի կյանքի կոչման համար։

2020 թվականից ԱլԳ երկրների հետ համագործակցության շրջանակներում ԵՄ-ն առավել մեծ ուշադրություն է դարձնելու նաև բնապահպանության ոլորտին՝ խթանելով հետխորհրդային երկրների մասնակցությունը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, Եվրոպական կանաչ գործարքին մասնակցություն և այլն։

Բնապահպանական ոլորտում համագործակցություն նախկինում ևս ծավալվել է, սակայն նոր քաղաքականության շրջանակներում տվյալ ոլորտը կներառվի համագործակցության առաջնային ուղղությունների շարքում։ Նման փոփոխությունը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով 2019 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում ուժային վերադասավորումը և ԵՄ ղեկավար կազմի փոփոխությունը, ինչի արդյունքում մեծամասնության կողմից բնապահպանական ոլորտը հռչակվեց գերակայություն և նախաձեռնվեց Կանաչ գործարքը։ Այս նոր առաջնահերթության շրջանակներում ևս ՀՀ-ԵՄ օրակարգը կարող է զգալիորեն ընդլայնվել:

Ընդունված փաստաթղթերում անդրադարձ է կատարվում նաև վիզային ռեժիմի ազատականացման հարցին՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար ընդգծելով վիզաների դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման կարևորությունը։ Վերջինի մասով պետք է նշել, որ Հայաստանը վերջին երկու տարում զգալի դրական դինամիկա է արձանագրել ինչպես ռեադմիսիոն հայցերի թվով, այնպես էլ ապաստան հայցողների թվի կրճատմամբ։ Այդ մասին են վկայում նաև վերջին ամենաթարմ տվյալները, մասնավորապես՝ Եվրոստատի համաձայն՝ 2020թ. առաջին եռամսյակում, 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՄ անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37%-ով՝ 1025-ից հասնելով 645-ի։ Այս ուղղությամբ արձանագրվող դրական միտումները կարող են նպաստել ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկի համար։

ԱլԳ ապագան ուղենշող ԵՄ փաստաթղթերում կարևորվում է նաև ԱլԳ տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման խնդիրը։ Այս առնչությամբ հատկանշական է Եվրախորհրդրարանի կողմից ընդունված բանաձևում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կառույցի ամրագրած դիրքորոշումը: Բանաձևում մասնավորապես նշված է. «[Եվրախորհրդարանը] հաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և 2009թ. Հիմնարար սկզբունքներին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ կանոնադրության և ԵԱՀԿ 1975թ.-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա կարգավորմանը հասնելու նպատակով: Խրախուսում է բոլոր կողմերին ակտիվացնել երկխոսությունը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից, որը կարող է հետագայում վտանգել [կարգավորման] ցանկացած հեռանկար»:

Այսպիսով, ամփոփելով ԱլԳ ծրագրի հետագա ընթացը նախանշող փաստաթղթերի վերլուծությունը` կարելի է նշել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը շարունակում է մեծ կարևորություն ներկայացնել Եվրամիության համար։ Ծրագրի շրջանակներում համագործակցության հիմնական ուղղությունները ոչ միայն պահպանվում, այլ նաև ընդլայնվում են՝ ստեղծելով նոր հնարավորություններ այդ թվում նաև Հայաստանի համար: Հատկանշական է, որ բացի համագործակցության «ավանդական» ուղղություններից, ԱլԳ շրջանակներում կարևորվում է նաև ընթացիկ խնդիրների շուրջ համագործակցությունը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարին, ինչը ևս կարևոր տեղ է զբաղեցնում ԵՄ-ԱլԳ երկրների միջև համագործակցության շրջանակներում։

Armenpress.am

 

Պիտակ