Հունվար 29, 2023 18:21 Asia/Tehran
  • Հռոմի Պապը կոչ է արել կարգավորել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակից կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին երկխոսության ուղիներ գտնել ու հորդորել է վերջ դնել Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված անմարդկային իրավիճակին։

Նման կոչերով Հռոմի Պապը հանդես է եկել հավատացյալներին ուղղված ավանդական կիրակնօրյա ուղերձում։

Հռոմի Պապը խոսելով Լաչինի միջանցքի մասին` շեշտել է, որ տեղի բնակչությունը հակահումանիստական պայմաններում է հայտնվել ցրտի պայմաններում։

«Անհրաժեշտ է միջազգային մակարդակում գործադրել ամբողջ բոլոր ջանքերը` ի շահ մարդկանց խաղաղ լուծումներ գտնելու համար»,– ասել է կրոնապետը, որն առաջին անգամ չէ, որ ուշադրություն է հրավիրում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

Նա նաև մտահոգություն է հայտնել բախումների նոր փուլում պաղեստինցիների և իսրայելցիների մահվան առթիվ։

«Մեծ ցավով եմ ընդունում Սուրբ հողում տեղի ունեցողը, մասնավորապես 10 պաղեստինցու մահվան մասին տեղեկությունները։ Նրանք սպանվել են Պաղեստինում` իսրայելական ահաբեկչական օպերացիայի ժամանակ։ Մտահոգիչ է նաև այն, թե ինչ է տեղի ունեցել Երուսաղեմում` ուրբաթ երեկոյան, երբ 7 իսրայելցի հրեա սպանվել է պաղեստինցու կողմից, մի քանիսն էլ վիրավորվել են սինագոգից դուրս գալուց»,– ասել է Հռոմի Պապը։

Նրա խոսքով` մահերի այն շղթան, որն օրեցօր աճում է, միայն փակում է երկու ժողովրդի միջև վստահության ցանկացած հույս։ Կրոնապետը հիշեցրել է նաև, որ տարեսկզբից տասնյակ պաղեստինցիներ են սպանվել իրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ։

Հիշեցնենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

armeniasputnik.am

Պիտակ