Ապրիլ 26, 2024 16:14 Asia/Tehran
  • Բորելի խոսնակ. Պահապանների կորպուսի անունը հնարավոր չէ ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Անդրադառնալով ահաբեկչական կազմակերպությունների բացահայտման քաղաքական ընթացակարգերին՝ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը հայտարարել է, որ հնարավոր չէ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունն ավելացնել այդ կազմակերպությունների ցանկում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, Փիթեր Ստանոն ասել է․ «Ես կրկնում եմ, որ կորպուսը և դրա բոլոր անդամները ենթարկվել են ԵՄ պատժամիջոցներին։

Իսկ կազմակերպության բարձր ներկայացուցիչը ներկայացրել է կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու խոչընդոտները։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Եվրոպական դատարանը կայացնի համապատասխան վճիռ, սակայն նման բան տեղի չի ունեցել»։

Իրանում երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ արևմտյան ԶԼՄ-ները սկսեցին քննարկել ԻՀՊԿ անունն ահաբեկչական խմբավորումների ցանկում ներառելու հարցը։

Քննարկումն ավելի լայն տարածում ստացավ սիոնիստական լոբբիի քարոզչության արդյունքում, սակայն ձախողվեց։ Բրիտանիան հայտարարեց, որ դա չի բխում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների շահերից և իրենք նպատակ չունեն լարվածություն ստեղծել Թեհրանի հետ։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը, վերջերս օկուպացված տարածքներ կատարած իր այցի ժամանակ, հայտարարեց, որ Լոնդոնը ԻՀՊԿ-ն չի ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ առանց դատարանի որոշման նման բան հնարավոր չէ։

Անցած շաբաթ կայացած մամուլի ասուլիսում, Ջոզեպ Բորելն ասել է․ «Մեզ անհրաժեշտ է դատավճիռ, որը կփաստի, որ ԻՀՊԿ-ն ներգրավված է եղել որևէ ահաբեկչական գործողության մեջ։ Ներկա դրությամբ նման գործ գոյություն չունի։ Ես իմ գործընկերներին ասել եմ, որ պատասխանը նույնն է, որ հայտարարվել է մի քանի ամիս առաջ»։