Թրամփը Վիետնամ կատարած այցի ժամանակ խախտել է դիվանագիտական վարվելակարգի կանոնները . ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը ևս մեկ անգամ քննարկման ու քննադատության առիթ է դարձել Վիետնամ կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական գագաթնաժողովին:
Ամերիկացի առաջնորդի վարվելակարգին և ընդունված կանոնակարգին չհետևելուն անդրադարձել է Gazeta.ru-ն՝ որպես օրինակ բերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անորոշությունը:
Նախ Սպիտակ տունը հայտարարել էր, որ առաջնորդների հանդիպում չի նախատեսվում Վիետնամում, թեև կողմերից և ոչ մեկը չէր բացառել նրանց երկխոսությունը: Այնուհետև նրանք կարճատև զրույց են ունեցել և հասցրել են միայն կարծիքներ փոխանակել մասնավորապես Սիրիայի հարցով:
Դիտորդներն ընդգծում են, որ Թրամփի և Օբամայի միջև կտրուկ տարբերություն կա վարքագծի հարցում: Մինչ Օբաման խստորեն հետևում էր դիվանագիտական վարվելակարգի կանոններին, Թրամփն ընդհանրապես ուշադրություն չի դարձնում դրան:
Նա նաև գագաթնաժողովում ժամանակից շուտ է հեռացել դիվանագիտական ընդունելությունից, ինչը ասիական երկրներում դիտարկվում է որպես անարգանք հյուրերի նկատմամբ:
Այս հանգամանքը չի վրիպել ասիական լրատվամիջոցների տեսադաշտից: Այսպիսի միջադեպերը հատկապես ցավալիորեն են ընդունում Չինաստանում, որտեղ ընդունված նորմերից ցանկացած շեղում կարող է բացասական արձագանք ստանալ:
Tert.am