Մայիս 23, 2018 16:29 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի այս համարում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը Իրանում ու աշխարհում փիլիսոփայության ու իմաստասիրության հայտնի դեմքերից Սադր-օլ-Մոթեալեհին  կամ Մոլասադրա անունով հայտնի դարձած Մոհամմեդ Էբրահիմ Ղավամի Շիրազիի մասին:

Մոլասադրա անունով հայտնի Սադրեդդին Մոհամմեդ Ղավամ Շիրազին լուսնային հիջրեթի 980 թվականի ջամադի-ալ-ավալ ամսվա 9-ին (1571) ծնվեց Շիրազ քաղաքում: Տարրական ուսումն ստացավ տանը՝ մասնավոր ուսուցչի մոտ և իր արտակարգ ուշիմության ու ընդունակության շնորհիվ կարճ ժամանակում տիրապետեց պարսից և արաբ լեզուներին ու գրականությանը և գեղագրության արվեստին: Պատանի հասակում մաթեմատիկայի ու աստղագիտության ու որոշ չափով բժշկության, իսլամական իրավունքի ու օրենսգիտության և տրամաբանության բնագավառներում գիտելիքներ է ձեռք բերում: Իր սերտած բոլոր առարկաների միջից նրան ամենաշատը հետաքրքրում էին փիլիսոփայությունն ու մասնավորապես միստիցիզմը: Ընտանիքի հետ միասին Շիրազից Ղազվին գաղթելով Սադրեդդին Մոհամմեդը տարրական ու միջնակարգ ուսումը Ղազվինում շարունակում է քաղաքի հայտնի ուսուցիչների մոտ ու ժամանակից շուտ անցնում է բարձրագույն ուսման փուլը: Ղազվինում նրան բախտ է վիճակվում աշակերտել ժամանակի երկու հայտնի ու տաղանդավոր գիտնականներին՝ Շեյխ Բահայիին ու Միրդամադին և կարճ ժամանակում շնորհիվ իր ընդունակություններին գերազանցում է նրանց բոլոր աշակերտներին: Սեֆևյանների մայրաքաղաքը Ղազվինից Սպահան փոխադրվելով Սադրեդդին Մոհամմեդն էլ իր ուսուցիչների հետ փոխադրվում է Սպահան և մի առ ժամանակ անց իր ուսուցիչների կողմից դասավանդության թույլտվություն է ստանում: Այդ ժամանակվանից սկսած նա սկսում է մշակել իր փիլիսոփայական նոր ուղղության հիմունքները: Նաև նշեցինք, որ կարճ ժամանակ անց նրա միստիկական ուղղության հետ հակառակ որոշ հոգևորականների ճնշման ներքո Մոլասադրան պարտավորվում է հեռանալ Սպահանից: Գնում է Ղոմ քաղաքի մերձակայքում գտնվող Քահաք գյուղն ու 5 տարիներ և որոշ վկայությունների համաձայն 15 տարիներ անց վերադառնում է Շիրազ:

Ղոմում ու Շիրազում Սադրեդդին Մոհամմեդի ու նրա ընտանիքի բնակության շրջանը կարելի է նրա կյանքի ամենակարևոր ժամանակահատվածը համարել: Հնգամյա լռության ու ճգնության շրջանից և ներքին ճշմարտությունները բացահայտելուց հետո նա վերջ է տալիս լռությանը և աշակերտներ դաստիարակելով ու աշխատություններ կատարելով հիմնադրում է իր փիլիսոփայական դպրոցը: Լուսնային հիջրեթի 1040 թվականին Շիրազի կառավարիչ Ալլավերդի Խանի հրավերով Սադրեդդին Մոհամմեդը վերադառնում է ծննդավայր Շիրազ քաղաքը և «Խան»-ի դպրոցում փիլիսոփայություն, Ղուրանի մեկնաբանություն ու հադիս է դասավանդում ու վերսկսում է իր աշխատությունները: «Երեք սկզբունք» գրքում, որ պիտի գրված լինի պարսկերեն լեզվով՝ Շիրազ քաղաքում և ժամանակի գիտնականներին, այդ թվում փիլիսոփաներին, հռետորներին, իսլամագետներին ու բնագետներին ուղղված սուր քննադատություններ է պարունակում, կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում հայտնվել է իր համաքաղաքացի գիտնականների բամբասանքների ու թշնամության ճնշման տակ, սակայն այս անգամ դիմադրել է և որոշում է ունեցել դիմակայել նրանց գործադրած ճնշումներին և հիմնադրել ու տարածել իր ուսմունքը:

Մոլասադրայի  աշխատություններից որոշների ստեղծման թվականն ու նաև Քահաքում կամ Շիրազում գրված լինելու փաստն ապացուցված է, սակայն դրանցից որոշների թվականն անորոշ է մնում և գիտական հարցերի հանդեպ մեծ ուշադրություն ցուցաբերող Մոլադսադրան դրանց հորինման թվականին որևէ ակնարկ չի կատարել և կամ էլ գրքի օրինակն արտագրած գրիչը մոռացել է հիշատակել աշխատության թվականը:

Բանասերների համոզմամբ Մոլասադրայի արկածալի կյանքի մի մասը վերաբերում է Մեքքայում Աստծո տուն ուխտագնացությանը: Ասվում է, որ նա յոթ անգամ ոտքով ուխտագնացության է մեկնել: Այս ուղևորությունը, որ ներկա օրերում տարբեր հնարավորությունների գոյությամբ հանդերձ դժվար է համարվում, անցած դարերում շատ ավելի բարդ ու դժվար է եղել: 400 տարի առաջ ուխտավորները ձիով կամ ուղտով կտրում էին Արաբիայի  կենտրոնական չոր անապատը: Հետևաբար Հաջի ուխտագնացությունը միստիցիզմի հետևորդների համար ինքնին մի տեսակ ճգնություն ու հոգևոր ուղևորություն էր համարվում: Ուխտավորների մեծ քարավանների տեսքով իրականացվող այս ուղևորության ընթացքում շատերը օդի բարձր ջերմության պատճառով կամ ծարավից ու գերհոգնածությունից մահանում էին: Հազարավոր կիլոմետրներ երկարող այս ուղևորությունն, այն էլ ոտքով անշուշտ չափազանց բարդ պիտի լիներ և պահանջում էր կամքի բարձր ուժ ու անկեղծ հավատք: Մոլասադրան յոթ անգամ նման ճգնության ու հոգևոր ուղևորության փորձ է ունենում և ի վերջո 7-րդ ուխտագնացության ժամանակ՝ Մեքքա մեկնելու ճամփին, լուսնային հիջրեթի 1050 թվականին (1640), 71 տարեկան հասակում վախճանվում է Բասրա քաղաքում: Ոմանք այն համոզման են, որ նրա դին հողին է հանձնվել Բասրա քաղաքում, սակայն Մոլասադրայի փեսայի՝ Ֆայազ Լահիջիի վկայությամբ իրանցի մեծ փիլիսոփայի ու միստիկի դին փոխադրվում է Նաջաֆ քաղաքը և հողին է հանձնվում շիաների առաջին Էմամ Հազրաթ Ալիի սուրբ դամբարանի ձախ կողմում գտնվող «Իվան Օլամա»-ում:

Բացի իր արժեքավոր աշխատություններից,որոնց կանդրադառնանք հաղորդաշարի մյուս համարներում, Մոլասադրայից  հիշատակ են մնացել հինգ զավակներ, որոնցից յուրաքանչյուրը բավարար գիտելիքներ ստանալով իսլամական գիտությունների բնագավառում դասվել է իր ժամանակի հայտնի գիտնականների շարքը:  Մոլասադրայի առաջին զավակը Օմե Քոլսում անունով մի աղջիկ էր, ով հոր մոտ գիտության ու փիլիսոփայության դասեր է ստանում և ամուսնանում է այդ ժամանակ Մոլասադրային աշակերտող շիա հայտնի հռետոր Մոլա Աբդոլռազաղ Լահիջիի հետ: Ամուսնությունից հետո էլ Օմե Քոլսումն իր ամուսնու մոտ շարունակում է ուսումը, այնպես որ տիրապետելով ժամանակին տարածված գիտություններից շատերին մասնակցում է գիտնականների հավաքներին ու վիճարկումներին:

Մոլասադրայի երկրորդ որդին՝ Մոհամմեդ Էբրահիմ Աբու Ալին իմաստուն գիտնական և հադիսագետ միստիկ էր: Նա էլ աշակերտում է հորը և գրում է բազմաթիվ գրքեր, որոնցից հայտնի է պարսկերեն լեզվով «Ալ-Քորսի» այաի մեկնաբանությունը պարունակող «Օրվաթ-օլ-Վոսղա»-ն: Իր իսկ աշխատությունները հիմք ընդունելով բանասերները համոզված են, որ Մոլասադրայի այդ որդին կյանքի վերջին տարիներին երես է թեքել փիլիսոփայությունից:

Մոլասադրայի երրորդ զավակը՝ Զոբեյդե Խաթունը գրականագետ ու իմաստուն գիտնական, Ղուրանի գիտակ և ժամանակի մեծ գիտնական Միրզա Մոինեդդին Ֆասայիի կինն էր: Նա Ղուրանի մեկնաբանությունն ու հադիսը սերտում է հոր և մեծ քրոջ մոտ և հմուտ էր նաև գրականության մեջ:

Մոլասադրայի երրորդ դուստրը՝ Զեյնաբը, իմաստուն գիտնական, հռետոր, միստիկ ու ճգնավոր փիլիսոփա և ճարտասանության ու գրականության բնագավառում ժամանակի հայտնի դեմքերից էր: Նա էլ աշակերտել է հորն ու եղբորը և ամուսնանալով ժամանակին Մոլասադրային աշակերտած շիա մեծ գիտնական, իմաստուն, մոհադես ու միստիկ Մոլա Մոհսեն Ֆեյզ Քաշանիի հետ, ուսումը կատարելագործել է ամուսնու  մոտ:

Մոլասադրայի չորրորդ զավակը Նեզամեդդին Ահմեդը իմաստուն գիտնական և  միստիկ բանաստեղծ էր: Նա «Մազմար Դանեշ» վերնագրով ու պարսկերեն լեզվով գրված գրքի հեղինակն է:

Մոլասադրայի վերջին զավակը Մաըսումե Խաթունը մեծ գիտնական և Մոլասադրայի հայտնի աշակերտներից Միրզա Ղավամեդդին Նայերիզի կինն էր: Մաըսումե Խաթունը գիտնական ու գրականասեր, հադիսագետ, միստիկ ու ճգնավոր և Ղուրանի գիտակ կին էր, ով ժամանակի գիտելիքները սերտել էր իր հոր և ապա քույրերի մոտ: