Ապրիլ 02, 2016 08:47 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» հաղորդաշարի հերթական համարը: Այսօրվա զրույցում կանդրադառնանք Իրանում քրդական ցեղերի մշակութային ու հասարակական յուրահատկություններին:

Բնակչության թվի առումով քրդերն Իրանի կարևորագույն ցեղերից են համարվում և բաժանվում են Մոքրի, Գուրան, Քալհոր, Սանջաբի, Ղոբադի, Զաֆարանլու և Շադլու տոհմերին, որոնց մեծ մասն ապրում է Իրանի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում Թուրքիայի և Իրաքի սահմաններում, Մաքուի հարավից մինչև Լոռեսթանի հյուսիսային տարածքներ և Խուզիստանի նահանգ: Քուրդստանը, Քերմանշահը և Ուրմիա լճի արևմտյան հատվածը քրդերով են բնակեցված:

 

Իրանի քրդերը սերում են արիական ցեղից: Լեզվախմբերի մեջ քուրդերն անաղարտ են պահել իրենց լեզուն և նրանց մոտ կարելի է տեսնել հնագույն ժամանակների իրանցիների ֆիզիկական յուրահատկությունները:

 

Քրդերենը իրանական լեզուների շարքին է պատկանում և ունի երկու գլխավոր բարբառներ` Մոքրի և Սենե:

 

Քուրդերը սովոր են թե քոչվորության և թե նստակեցության: Վերջին երկու դարաշրջաններում քուրդերն սկսել են ավելի շատ նստակյաց կյանք վարել:

 

*****************

 

19-րդ դարի ֆրանսիացի ազգագրագետ, պատմաբան` Ժակ Դը Մորգանն այսպես է բնութագրում Մոքրի բարբառով խոսող քրդերին. «Նրանք գեղեցիկ են: Միջին հասակով, լայն թիկունքով, համաչափ կազմվածքով, փոքր գլխով: Սև գանգուր մազեր ունեն, լայն ճակատ, արծվաքիթ են, խոշոր սև աչքեր ունեն, խիտ հոնքեր, վարդագույն ընդգծված այտեր: Նրանք ընդհանրապես սևուկ են լինում, ունենում են նոսր սև մորուք»:

 

Վերջին կես դարում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել քրդերի բնակավայրում և նրանց ապրելաձևում: Քոչվոր քրդերի մեծ մասը հաստատվեց քաղաքում:

 

Աշխարհագրական սահմաններում քրդերին կարելի է բաժանել երկու խմբի. 1-Ատրպատականի քուրդ ցեղեր 2-Քուրդստանի և Քերմանշահի քրդեր:

 

Առաջին խմբին են պատկանում հյուսիսից դեպի հարավ` Ջալալին (Մակուի շրջակայքում), Միլանը` Խոյում, Սալասը` Շահփուրի հյուսիսոմ, Շեքաքը` Շահփուրի հարավում, Բեյքզադեն` Ուրմիայում, Ղարեփափախը` Նաղադեի հարավում և Մանգուրը Մահաբադում: Նրանցից շատերը շփման մեջ են թուրքերի հետ:

 

Երկրորդ խմբին մաս են կազմում Սաղղեզի և նրա շրջակա տարածքների` Մարիվանի, Ուրամանի, Դիվանդառեի, Սանանդաջի և Քամիարանի ցեղախմբերը և Ջավանռուդը Քերմանշահում, Սոնղոր Քոլյայում Ահմեդվանդը, Գորան Ղալխանի գերդաստանները: Առավել հայտնի են Սանջաբիների, Գորանների, Բաբախանիների, Ֆաթհալիբեյգիների և Քոմասիների ցեղախմբերը: Մահիդաշթում բնակվող սանջաբիներն ավելի շատ են հակված նստակեցությանը և գյուղատնտեսությամբ են զբաղվում: Այնպես որ այսօր այդ տարածքի արոտավայրերի մեծ մասում ցանքս է կատարվել և Իրանի հացահատիկի կարևոր պահեստներից է համարվում: Այնտեղ տեղակայված են շուրջ 160 գյուղեր: Սաղղեզում, Բանեում և Սարդաշթում ապրում են քուրդ ցեղախմբեր, որոնցից հարկ է հիշել Ջաֆ ցեղախմբին:

 

Քոչվոր և բնակավորված քուրդ ցեղախմբերն ունեն ընդհանրություններ: Քրդերի բնակարանը, սնունդը, խաղերը, սովորույթները և ֆոլկլորն ունեն ուրույն գեղեցիկ կողմեր, որոնց ևս կանդրադառնանք:

 

***************

 

Քրդերն ունեն յուրահատուկ գեղեցիկ տարազ: Նրանք պարտավոր են կրել իրենց վաղեմի մշակույթը խորհրդանշող այդ հագուստները:

 

Հագուստը վկայում է յուրաքանչյուր ազգի պատմական վաղեմության և հասարակական կառուցվածքի մասին: Քրդերի հասարակության տարբեր խավերը ունեն իրենց ուրույն հագուստը: Հագուստները տարբերվում են նաև շրջանից շրջան: Այդ շրջաններն են Արևմտյան Ատրպատականը, Քուրդստանը, Քերմանշահը և Խորասանը: Քուրդստանի ցեղերն են համարվում Իրանի, Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի Քուրդստանի ցեղերը: Այդ տարածքներն ունեն գեղեցիկ բնություն, որոնք վկայում են այդ շրջանների կլիմայական պայմանների մասին:

 

Քուրդ կանանց հագուստների մասնագետ, հետազոտող` տկն. Նազանին Էսֆանդիարին այսպես է արտահայտվել քուրդ կանանց տարազների մասին.

 

«Հյուսիսային Քուրդստանի կանանց հագուստի մաս են կազմում գլխաշորը, չալման կամ գլխի փաթթոցը, վերնաշապիկը, շապիկը, տաբատը, բաճկոնը, պիջակը, կապան, զարդանախշված անձեռոցիկներ և կոշիկներ: Քուրդ կանանց գլխաշորը երեք մետր է, ծաղկավոր է և շուրջի թելերը թափվում են դեմքին: Գլխաշորը սովորաբար պատրստվում է դեղին ու սպիտակ ծաղիկներով մետաքսե սև հյուսվածքներից և այն ինչպես կրելը ճաշակի հարց է: Այդ գլխաշորը կոչվում է նաև փիչոքոլավ կամ թաղիլե: Իհարկե թաղիլեն որպես գլխարկ դրվում է գլխին: Չալման կամ փաթթոցը գլխարկի վրա է ամրացվում: Գլխարկը ստվարաթղթից պատրաստված գլանաձև տեսք ունի և պատված է կանաչ կամ կարմիր թավիշով: Այն զարդարված է գունավոր ուլունքներով և ոսկեգույն ժապավենով: Այդ գլխարկը շատ գեղեցիկ է լինում:

 

Քոլագեհը ցանցակար գլխաշոր է, որն օգտագործվում է գլխարկի փոխարեն: Այն ունի ցանցահյուսազարդ մետաքսե թելից հյուսված սև-սպիտակ երկու մանվածքներ, որը պատրաստվում է աղջիկների միջոցով: Մանվածքներից մեկը մետաղադրամներով ղաթարե կոչվող գլխարկը գլխին պահելու համար գլխաշորի մի կողմից ամրացվում է մյուս կողմին: Գլխարկի շուրջ սև հյուսվածք են թողնում, որը միացվում է երկար քորոցով: Կզակի տակից զարդեր են անցկացնում: Չալման զարդարում են տարբեր զարդերով, գլխից կամ ուսերից թափվող գլխաշորը մանր ուլունքներով ցանցակար հյուսվածք ունի: Հարկ է նշել, որ այսօր երիտասարդ տղաները հազվադեպ են օգտագործում փեչ, փիչ կամ չալման և աղջիկներն էլ հազվադեպ են գլխարկ օգտագործում»:

 

***************

 

Տղամարդկանց տեղական հագուստն ընդգրկում է կոշիկ, գլխարկ և զգեստը: Դրանք տարբերվում են եղանակին, աշխատանքին, կենցաղին, արարողություններին համապատասխան: Չնայած տարբեր են Ուրամանի, Սաղղեզի, Բանեի, Գերուսի, Սանանդաջի և Մարիվանի քրդական շրջանների հագուստները, սակայն դրանց ընդհանուր տեսքը միևնույն է:

 

Քուրդ տղամարդու հագուստի տարրերն են համարվում.

 

-Չուխան` կապային նմանվող, բայց ավելի կարճ բրդյա կամ բամբակյա կիսազգեստ է: Այն պատրաստվում է այծի բրդից մանած թելից:

 

-Ֆարանջի կամ Ֆարեջին` երկար թևով թաղիքե հագուստ է:

 

-Փանթոլը` լայն տաբատ է նեղ վերջավորությամբ: Այն կոչվում է նաև Ռանաք:

 

-Մալաքին առանց օձիքի, կոճակավոր կիսազգեստ է:

 

-Լաֆքե Սորանին լայն թևերով երկար շապիկ է, որի թևերը եռանկյունի վերջավորություն ունեն և սովորական ժամանակ այն հավաքում են դաստակի կամ բազուկի շուրջը:

 

-Շալ Ասթինը շարֆ է, որը նաև Փաշթուն է կոչվում: Այն 3-10 մետր երկարությամբ գործվածք է, որը փաթաթվում է գոտկատեղին:

 

-Տղամարդիկ գլխարկի փոխարեն կրում են դասթար կամ դեսլամա:

 

-Փիչուքոլոլավը տեղական գլխարկ է, որը քուրդ կանայք գործում են իրենց ավանդական զարդանախշերով և սովորաբար սև-սպիտակ թելերով: Նախնիների համոզմամբ տղամարդու գլուխը չպետք է բաց լինի:

 

-Փուչը ևս սև-սպիտակ թաշկինակ է, որը փաթաթվում է գլխարկի շուրջը:

 

-Քելալոշը մետաքսից, գորգի թելից և կաշվից պատրաստված կոշիկներ են և նկատի առնելով դրա պատրաստման մեջ օգտագործված նյութերը, դրա մեջ եղած ոտքը հով է մնում և տհաճ հոտ չի ունենում: Այդ կոշիկը չի կարելի հագնել ձմռանը կամ անձրևոտ եղանակներին:

 

***************

 

Քրդերն ունեն բազմազան կերակրատեսակներ, կներկայացնենք դրանցից մի քանիսը:

 

Նրանց ամառային ճաշատեսակներն են`

 

-Նան ու դուն` հաց և թանը քուրդ գյուղացիների ընդհանուր ուտեստն է:

 

-Քալանան` փիչաք կոչվող դաշտային բույսով համեմված, խմորով, սոխով ու կարագով պատրաստված կերակրատեսակ է:

 

-Սիրոմաս` հացն ու սխտորը բրդում են դուչեն կոչվող թանի մեջ և սոխառածով ուտում:

 

-Փլավը` բրինձն է չամչով ու ոսպով:

 

-Ղավուրման սոխով տապակած աղացած միս է:

 

Ձմեռային կերակրատեսակներն են.

 

-Դովինան պատրատսում են ձավարով, թթու թանով և բուրավետ կանաչիներով: Քերմանշահի և Սանանդաջի շրջանների բնակիչներն այն կոչում են թարխինե:

 

-Շալամը պատրաստվում է բլղուրից և նռան հատիկներից:

 

-Նիսկեն ոսպի ապուր է:

 

-Դանե քալանեն ցորենի ու սիսեռի ապուր է:

 

-Բալաչե նիսկեն ոսպով ու քաղցր դդումով պատրաստված կերակրատեսակ է:

 

-Սայֆուռոնը խաշած գետնախնձոր է, սոխով տապակված:

 

-Փլավգուշթը` բրնձով ու մսով տոնական ճաշատեսակ է: Այն պատրաստվում է հատկապես նովրուզի օրերին:

 

Քրդերն ունեն նաև ըմպելիքների մեծ տեսականի, այդ թվում թան և թեյ: Ինչպես մյուս իրանցիները քրդերն էլ շատ են օգտագործում շաքար և թեյ:

Պիտակ